Արցախի պետական կարգի լուծարումն անխուսափելի էր. Փաշինյան

«ՀՀ իշխանությունը ստանձնելու պահին մենք ԼՂ խնդրի համազգային էմոցիոնալ ընկալման կրողն էինք: Երբ մենք դարձանք ինֆորմացիայի կրող, տեսանք, որ ինֆորմացիայի էմոցիոնալ ընկալման և իրականության մեջ հսկայական ճեղք կա»: Այդ մասին Իջևանում տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բանակցային այն իրավիճակը, որ ժառանգել ենք, այդ իրավիճակում առաջ գնալու անխուսափելի ճանապարհը ոչ միայն տարածքների հանձնում և այլն, այլև Լեռնային Ղարաբաղում պետական հաստատված կարգի լուծարումը և զրոյացումն էր»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ այս թեմայով չի խոսվել, քանի որ եթե խոսեին, պետք է ժողովրդին ասեին, որ 30 տարի ուղղակի ժամանակ են վատնել ու ռեսուրսները ծախսել են մի խնդրի վրա, որն ի սկզբանե անլուծելի էր:

«Ինչո՞ւ էր ի սկզբանե անլուծելի, մի քանի պատճառներով՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի պատճառով: Եվ մեզ հիմա շատ են մեղադրում՝ ասելով, որ ի սկզբանե ասացիք, որ հետամուտ կլինեք Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման խնդրին, բայց հետամուտ չեղաք: Ինչքանո՞վ է օբյեկտիվ այս մեղադրանքը։ Ամբողջ խնդիրն այն է, որ մենք ոչ միայն ասել ենք, այլև փորձել ենք հասկանալ՝ ինչ է ինքնորոշման իրավունքը»,- ընդգծել է Փաշինյանը։

Նա նաև նշել է, որ միջազգային հանրությունը 1996 թվականի դեկտեմբերի 6-ին Լիսաբոնի գագաթնաժողովում, ըստ էության, ասել է, որ ինքնորոշման իրավունքի բարձրագույն դրսևորումը կարող է լինել ինքնավար կարգավիճակը Ադրբեջանի կազմում: Ըստ նրա՝ այս տրամաբանության հետևից են գնացել։

Ըստ Փաշինյանի որոշ ուժեր Լեռնային Ղարաբաղի հարցը օգտագործել են ՀՀ-ում պետության կայացում թույլ չտալու համար և, ըստ նրա, ամեն ինչ ուղղվել է Արցախի անհնարին խնդիրը լուծելու համար:

Վերջինս հայտնել է նաև, որ իշխող կուսակցության առաքելությունը Հայաստանի անկախությունը, պետականությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունն ամրացնելն է։

Դիտումների քանակը: 4123
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին