Փաշինյանն ընդունել է ՌԴ նախագահի հրավերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է իր մասնակցությունը Սոչիում նախատեսված եռակողմ հանդիպմանը։ Այդ մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնել է Փաշինյանը։

«ՌԴ նախագահի կողմից առկա է հրավեր հոկտեմբերի 31-ին Սոչիում անցկացնել եռակողմ հանդիպում։ Այո, ես հաստատել եմ իմ մասնակցությունը։ Անկեղծ ասած, տեղեկություն չունեմ` ադրբեջանական կողմը հաստատել է, թե ոչ»,– նշել է Փաշինյանը։

Ինչ վերաբերում է ակնկալիքներին, ապա նա նշեց, որ վերջին անգամ այդ ֆորմատով հանդիպում է եղել նախորդ տարվա նոյեմբերին, և ամենակարևոր ակնկալիքները վերաբերում են այս ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների գնահատականին և մեկնաբանությանը, 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։ Վարչապետի խոսքով` կուտակված շատ հարցեր կան, որոնց վերաբերյալ որոշակի մտքերի փոխանակում, պարզաբանումներ պետք է հնչեն։

«Այդ հարցերի օրակարգը հայտնի է ձեզ` սկսած ԼՂ-ում անվտանգության և կայունության ապահովման գործից։ Այս տարվա մարտին Ադրբեջանի ԶՈւ-ն ներխուժել է ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի, և չեմ թաքցրել` մեզ համար այդքան էլ հասկանալի չէ խաղաղապահների կողմից արձագանքի բացակայությունը»,- ասաց Փաշինյանը` հավելելով, որ, ի հեճուկս եռակողմ աշխատանքային խմբում ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչ-որ միջանցքների մասին հայտարարություններ են լինում։ Ընդ որում, ըստ Փաշինյանի, նման հայտարարություններ են հնչում ոչ միայն ադրբեջանական կողմից.

«Ռուսաստանում էլ անհասկանալի մարդիկ կան, որ փորձում են այդ նարատիվը զարգացնել՝ ի հեճուկս ՌԴ նախագահի կողմից արված հայտարարությունների, ստորագրված փաստաթղթերի, ի հեճուկս ՌԴ արտաքին գործերի նախարարության, փոխվարչապետի կողմից արված հայտարարությունների։ Այսինքն` շատ հարցեր կան, որոնց շուրջ ակտիվ և էական քննարկում պետք է տեղի ունենա»։

Դիտումների քանակը: 3859
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին