Փաշինյանը Շառլ Միշելին է ներկայացրել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը

Բրյուսել

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել դրանց լուծման անհրաժեշտությունը, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Տեղեկացրել էինք, որ Բրյուսելում արդեն կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի առանձնազրույցը։

«Զրուցակիցներն անդրադարձել են այսօր նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը և կարևորել երկխոսության շարունակականությունը»,–ասված է հայտարարության մեջ:

ՀՀ վարչապետը և Շառլ Միշելը մտքեր են փոխանակել նաև նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին, ինչպես նաև ընթացիկ տարվա ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ:

Կողմերը հույս են հայտնել, որ այսօրվա եռակողմ բանակցությունները կլինեն արդյունավետ, ինչը կնպաստի կայունությանն ու խնդիրների համապարփակ կարգավորմանը:

Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, մասնավորապես, ԵՄ-ի կողմից Հայաստանի համար հայտարարված 2.6 միլիարդ եվրոյի տնտեսական և ներդրումային փաթեթի իրականացման ընթացքը:

Ավելի վաղ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ:

Դիտումների քանակը: 4158
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին