Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի։ Այդ մասին «Ազատության» հետ հարցազրույցում հայտնել է Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը, ընդգծելով, որ դրա համար հիմք է հանդիսանում նախագահի հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, համաձայն որի Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարության անդամները, խորհրդարանը, անվտանգության խորհրդի քարտուղարը, իրավապահ մարմինները, Ստեփանափակերտի քաղաքապետը ու վարչական շրջանների ղեկավարները շարունակում են պաշտոնավարել՝ հասարակական հիմունքներով, այսինքն՝ առանց վարձատրության։
Շահրամանյանի այդ հրամանագրում նաև նշվում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից հետո Արցախի Հանրապետության անունից տրվող փաստաթղթերը վավերական են:
Մասնավորապես Գրիգորյանը մատնանշեց, որ նշված հրամանագիրը հիմք է համարվում, ըստ ինչի Շահրամանյանը չեղարկել է իր սեպտեմբերի 28-ին ստորագրած հրամանագիրը։ Այսինքն՝ ըստ Գրիգորյանի, Արցախի Հանրապետությունը, կառավարությունը և մնացած բոլոր մարմինները 2024-ից հետո շարունակելու են իրենց գործունեությունը։
Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք սա նշանակում է, որ Արցախը լուծարելու մասին սեպտեմբերի 28-ի իր հրամանագիրը չեղարկելու վերաբերյալ նոր հրամանագիր Սամվել Շահրամանյանն այլևս չի ստորագրի հարցին վերջինս արձագանքեց. «Ո՛չ, սպասելու կարիք չկա։ Քանի որ Արցախը լուծարելու որոշումը եղել է ոչ իրավաչափ և դրանից հետո ընդունվել է հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, և նաև ընդունվել են մի շարք իրավական նորմատիվ ակտեր, դա ենթադրում է, որ Արցախի Հանրապետությունը 2024-ից հետո լինելու է»։
Վլադիմիր Գրիգորյանը վստահեցրել է, որ նշված հարցը քննարկվել է և վերջինս վստահ է, որ այլևս սեպտեմբերի 28-ի հրամանագիրը գոյություն չունի։
Հավելենք նաև, որ այսօր Արցախի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ Սամվել Շահրամանյանը հայտնել է, որ Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները լուծարված չեն։
«Սամվել Շահրամանյանն իր խոսքում անդրադարձել է վերջին շրջանում լայն քննարկում ստացած նախագահի՝ սեպտեմբերի 26-ի հրամանագրին։ Նա ընդգծել է` Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները»,– ասված է Արցախի տեղեկատվական տաբի տարածած հաղորդագրության մեջ։
Թողնել պատասխան