Արդյո՞ք Հայկ Մամիջանյանը դեմ է գերիների վերադարձին

Հայկ-Մամիջանյան

Նախօրեին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ընդունել է Հայաստանի վերաբերյալ բանաձև, որտեղ կետերից մեկն էլ հանդիսանում էր Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի արդյունքում ավելի քան 150 հայ զինվորի Հայաստանին վերադարձնելու պահանջը։ Տրամաբանական է, որ բանաձևին դեմ են քվեարկել Թուրքիան և Ադրբեջանը։

Սակայն, բացի Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակության անդամներից այդ բանաձևին դեմ է քվեարկել ևս մի պատգամավոր։ Հա հենց Հայաստանի Հանրապետության «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն էր։ Ընդիմադիր պատգամավորի նման վարքագիծը մեծ աղմուկի և շահարկումների պատճառ է դարձել։ Ընդորում քննադատությանն արժանացնող ԶԼՄ-ները հիմնականում աշխատում էին շրջանցել այն փաստը, որ ԵԽԽՎ բանաձևի անունը «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունն» է և այդ բանաձևում գերի վերադարձին վերաբերելի էր միայն մեկ կետ (50 կետը), իսկ մնացած կետերը վերաբերվում էին Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությանը և դրանց վերաբերյալ ԵԽԽՎ-ի եզրակացություններին։

Մամիջանյանն իր նման որոշումը պարզաբանելու նպատակով իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել հետևյալ բովանդակությամբ.

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում քննարկվող «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» զեկույցի վերաբերյալ ելույթիս հայերեն թարգմանությունը

(Ելույթը հրապարակվել է ԵԽԽՎ կայքում)

Ամերիկյան բժշկական ամսագրերից մեկի համաձայն Կովիդ-19-ը կարող է կուրության պատճառ դառնալ։ Սա ինձ համար քիչ թե շատ ընկալելի պատճառ է հասկանալու համար, թե ինչու եվրոպական կազմակերպությունները չեն տեսնում Հայաստանում տեղի ունեցող գործընթացները։

Դժվար է պատկերացնել, որ միջազգային հանրությունը չի նկատել, որ Հայաստանում կառավարության ղեկավարը կոչ է արել մարդկանց շրջափակել երկրի բոլոր դատարանների մուտքերը եւ ուղիղ եթերով կարգադրել, որպեսզի իրավապահ մարմինները չխանգարեն ցուցարարներին։

Ես չեմ հավատում, որ ազատ աշխարհը չի տեսնում, որ Հայաստանում ընդդիմադիր առաջնորդների դատական գործերը մշտապես մակագրվում են նույն դատավորներին, ովքեր պատրաստակամորեն ծառայում են իշխող ուժին։ Ինչպես նշված է զեկույցի մեջ, դատական գործերի մակագրման համակարգիչն առգրավված է Ազգային Անվտանգության ծառայության կողմից: Ի դեպ, խորհրդարանի երեք պատգամավորներ ամիսներ շարունակ անազատության մեջ են եղել՝ առանց խորհրդարանի համաձայնության։ Այնպես որ, «պատգամավորական անձեռնմխելիություն»-ը իմ երկրում ընդամենը խոսքեր են։ Էլ չխոսելով ՏԻՄ ընտրություններում հաղթած ընդդիմադիր երկու քաղաքապետերի, իմ գործընկեր ընդդիմադիր պատգամավորներից մեկի հոր եւ շատ այլոց մասին, ովքեր շարունակում են կալանքի տակ մնալ։

Անհնար է, որ ժողովրդավարական հասարակությունը բաց թողնի այն փաստը, որ Հայաստանում բոլոր այն դատավորները, որոնք համաձայնել են գործիք դառնալ, լինելի պատժիչ մահակ իշխող քաղաքական ուժի ձեռքերում, ստանալու են շատ ավելի բարձր աշխատավարձ քան իրենց գործընկերները։ Ես հրաժարվում եմ հավատալ, որ այս փաստը գովաբանվել է զեկույցում։

Դուք չեք տեսնում, որ իմ երկրում իշխող քաղաքական ուժն օր առաջ Սահմանադրական դատարանի նախագահից ազատվելու նպատակով մեկ շաբաթում Սահամանդրության մեջ փոփոխություններ է իրականացրել՝ առանց խորհրդակցելու քաղաքական դերակատարների հետ։ Կամ որոշում է կայացնում քրեական հետապնդում սկսել Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարի նկատմամբ եւ նրան փոխարինել իրենց ուժին հավատարիմ անձով։

Ժողովրդավարության պահապանների տեսողությունն այնքան է վատացել, որ նրանք նույնիսկ չեն տեսնում, որ Փաշինյանի պատգամավորների ձեռամբ քվեարկված նոր օրենքների պատճառով Հայաստանում վտանգված է խոսքի ազատությունը։

Ես չեմ կարող պատկերացնել, որ ժամանակակից աշխարհում կարող է ուշադրությունից դուրս մնալ այն փաստը, որ թուրք-ադրբեջանական տանդեմը 2020-ին Լեռնային Ղարաբաղի դեմ տարվող 44-օրյա պատերազմում ներգրավել է ահաբեկիչներ:

Մարդիկ չեն կարող կույր լինել չնկատելու համար, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները և ավելի քան մեկ տարի է, ինչ չի վերադարձնում Բաքվում պահվող մեր ռազմագերիներին։

Եվրոպան հրաժարվում է ընդունել, որ ադրբեջանական ուժերը գրեթե մեկ տարի է, ինչ օկուպացրել են Հայաստանի ինքնիշխան տարածքը։ Դուք դա պարզապես չեք տեսնում։

Հայաստանի և Արցախի նկատմամբ Իլհամ Ալիևի ագրեսիվ հռետորաբանությունը մնում է միջազգային կազմակերպությունների տեսադաշտից դուրս։ Նա նույնիսկ իրեն կատակներ է թույլ տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ՝ վստահեցնելով, որ նշյալ կազմակերպության միակ օրակարգը կառույցի 30-ամյակի միջոցառումների պլանավորումն է։

Հարգելի՛ գործընկերներ, խնդրում եմ դադարեք նայել տարածաշրջանին և Հայաստանին լայնորեն փակ աչքերով»։

Դիտումների քանակը: 4575
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին