Արմեն Սարգսյանի ուղերձը Համահայկական ամառային 7-րդ խաղերի մասնակիցներին և հյուրերին

135980

Սիրելի՛ հայրենակիցներ,  Համահայկական ամառային 7-րդ խաղերի հարգելի՛ մասնակիցներ, Հայաստանի և Արցախի հարգարժա՛ն հյուրեր

այսօր դուք գտնվում եք հայկական հինավուրց հողում: Սակայն ձեզնից ոչ մեկը հյուր չէ, որովհետև իրականում դուք տուն եք եկել` ձեր հարազատ հայկական օջախ: Եկել եք մասնակցելու համահայկական միջոցառման, եկել եք վայելելու հայկական միջավայրը, հարստացնելու այն, եկել եք մրցելու և հաղթելու: Իսկ Արցախն ու արցախցին շատ լավ գիտեն, թե ինչ է հաղթանակը:

Այս տարի նշվում է համահայկական խաղերի 20-ամյակը: Ուստի առավել քան խորհրդանշական է համահայկական խաղերն այս անգամ Արցախից՝ պատմական Մեծ Հայքի Արցախ նահանգից սկսելը: Հիշենք, որ 385 թվականին Մեծ Հայքի Վարազդատ թագավորը դարձավ օլիմպիական խաղերի առաջին հայ չեմպիոնը: Սակայն մեզ համար համահայկական խաղերը պակաս նշանակություն չունեն, քան օլիմպիական խաղերը:

Համահայկական այս խաղերին խորհրդանշական երեք ջահ է վառվել` հայկական պատմական երեք տարածքներում. Կիլիկյան Հայաստանում` Մուսա լեռան ստորոտին, Արարատյան դաշտում` Խոր Վիրապում, և Արցախում՝ Տիգրանակերտում:

Երեք ջահ մեզ առնվազն երեք պատգամ են փոխանցել`միասնական լինելու, մեկ Հայրենիքի շուրջ համախմբվելու և այն հզորացնելու պատգամ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Համահայկական խաղերը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ Հայրենիքին վերստին շաղկապվելու բացառիկ հնարավորություն են: Դրանք զուտ մարզական միջոցառում չեն: Ի տարբերություն օլիմպիական խաղերի խորհրդանիշ հինգօղակների, համահայկական խաղերի օղակներն այնքան շատ են, որքան հայկական աշխարհի քարտեզի բազմազանությունը:

Աշխարհի ավելի քան 35 քաղաքներ ներկայացնող մասնակիցներ ոչ միայն մրցելու են տարբեր մարզաձևերում, այլև, միացնելով իրենց ձեռքերը, ձևավորելու են միասնություն և համերաշխության խորհրդանշող համահայկական ամուր բռունցքը:Համահայկական խաղերը սպորտի զարգացմանը խթանելուց բացի, մեր ֆիզիկական և հոգևոր առողջությունը խթանող միջոցառում են:

Դրանք նաև հայրենաճանաչության և, ինչու չէ, հայրենադարձության հզոր ազդակ են, Հայրենիքին կապվելու, Հայրենիքը սիրելու և նրան մոտիկից օգտակար լինելու ազդակ:

Մեկնարկելով Արցախի Հանրապետությունում` համահայկական խաղերը մի քանի օրից շարունակվելու են Հայաստանի Հանրապետությունում:

Հուսով եմ, որ այցելությունն Արցախ և Հայաստան ձեր մեջ ամենաջերմ ու հաճելի տպավորությունները կթողնի, իսկ մեկնարկող խաղերը կպարգևեն շատ վառ ու հիշարժան պահեր:

Հաջողություն և ամենայն բարիք ձեզ:

Դիտումների քանակը: 3629
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին