Արտո Թունջբոյաջյանը Արցախում է — <<Մեզ պետք է վերամիավորվել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ>>

Օրերս Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտ էր ժամանել կոմպոզիտոր, մարդ-նվագախումբ, Գրեմմի և BBC World Music մրցանակների դափնեկիր Արտո Թունջբոյաջյանը: Arcakh24.info-ին տրված հարցազրույցում ավանգարդ ֆոլք ոճի երգիչը կիսվեց իր տեսակետներով Հայաստանում և, մասնավորապես, Արցախում տիրող ընդհանուր իրավիճակի, երկրում առկա խնդիրների վերաբերյալ ու այդ խնդիրների լուծման իր տարբերակներով, ինչպես նաև իր մշակույթի զարգացման ծրագրերով:


Arcakh24.info-ի թղթակցի այն հարցին, թե առաջի՞ն անգամ է արդյոք երգիչն այցելում Արցախ և ո ՞րն է նրա նպատակը` Արտո Թունջբոյաջյանը պատասխանեց, որ դա իր երկրորդ այցն է ու իր նպատակն է նպաստել Արցախում մշակույթի զարգացմանը և մշակութային կենտրոնների ձևավորմանը: Խոսելով մշակույթից, իհարկե, չէինք կարող շրջանցել Շառլ Ազնավուրի մասին հարցը` մի մարդու, ով մեծ դեր ունի ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակույթի մեջ:

-Արտո, ասացեք խնդրեմ, ո՞վ էր Ձեզ համար Շառլ Ազնավուրը:

— Շառլ Ազնավուրն ինձ համար Հայ էր` հայ ժողովրդին բնորոշ հատկանիշներով: Շառլ Ազնավուրն ինձ համար ջուր էր, քանի-որ ինչ խոչընդոտներ էլ լինեն ճանապարհին` ջուրը միշտ կներթափանցի և կգտնի ճանապարհը: Եվ սա հայի էությունն է, ինչ դժվարություններ ու խոչընդոտներ էլ որ լինեն նրա ճանապարհին` նա դրանք հաղթահարում է և շարունակում ապրել: Նույնպիսի վերաբերմունք ունեմ նաև Ցեղասպանության վերաբերյալ, ես հիշում եմ այդ սարսափելի ժամանակահատվածում սպանվածներին, այդ ցավն իմ մեջ է, ես չեմ կառչում դրանից, բայց չեմ էլ մոռանում` ապրում եմ, առաջ գնում, ուրախանում և հպարտանում եմ, եթե ես անընդհատ սգամ, որևէ մեկին դրանից ավելի լավ չի լինի, հիշելով այդ ողբերգությունը` ես հիմա էլ սառը քրտինքով եմ պատվում, հատկապես, որ Ցեղասպանությունը դիպել է նաև իմ ընտանիքին, բայց ես ապրում և ստեղծագործում եմ, իսկ նրանք շարունակում են ապրել մեր հիշողության մեջ:

Արտո Թունջբոյաջյանը նաև նշեց, որ եթե այդպիսի հնարավորություն ունենար, ապա, ի հիշատակ Շառլ Ազնավուրի, նա կառաջարկեր ողջ հայ ազգին միաժամանակ նույն պահին միացնել մեծ շանսոնյեի երգերից որևէ մեկը, օրինակ` «La boheme»-ն: (Արտո Թունջբոյաջյանի հետ հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին, Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը — խմբագրական):

Արտո Թունջբոյաջյանը Արցախում է (Ստեփանակերտում)

Արտո Թունջբոյաջյանը Արցախում է (Ստեփանակերտում)

— Ինչպե՞ս եք գնահատում երկրում տիրող իրավիճակը և եթե հնարավորություն ունենայիք, ի՞նչը կփոխեիք:

-Ես կարծում եմ, որ ամեն ինչում պետք է անկեղծ լինել: Անկեղծություն` ահա թե ինչի կարիքն ունենք: Շատ կարևոր է խաբված չզգալ: Մեզ պետք է վերամիավորվել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ: Պետք է բոլորը միասին նստեն և բաց ու անկեղծ խոսեն` պետք է ոչ միայն կարողանալ խոսել, այլև սովորել լսել` լսել այս երկրի յուրաքանչյուր քաղաքացու կարծիքը` ժողովրդի կարիքները հասկանալու համար: Հակառակ դեպքում, դա նույնն է, ինչ մեկի համար կոշիկ գնել առանց նախապես նրա ոտքի չափսը հարցնելու:

Երաժիշտը մի դեպք հիշեց, երբ գյուղերից մեկում միլիոնավոր դրամներ արժողությամբ եկեղեցի էր վերանորոգում, բայց քանի-որ այնտեղ ոչ ճանապարհներ կային, ոչ ջուր` գյուղի բնակիչները սկսեցին լքել գյուղը և 30-ից ավել տներից մնացին միայն 7-ը: Եվ նրան ցնցել էր այն, թե ինչպե՞ս կարելի էր հաշվի չառնել բնակիչների կարիքները, ճանապարհները վերանորոգելու փոխարեն, մարդկանց ջրով մատակարարելու փոխարեն սկսեցին եկեղեցի կառուցել, բայց ու՞մ համար: Ո՞վ պետք է այցելի այդ եկեղեցին, եթե այնտեղ բնակիչներ գրեթե չեն մնացել:

-Ի՞նչ ծրագրեր ունեք Ձեր արվեստի և Հայաստանում մշակույթի զարգացման հետ կապված:

-Երբ ինձ առաջարկեցին մասնակցել «Հայաստանի ձայնը» ծրագրին, ես համաձայնվեցի միայն մեկ պայմանով, որ կմասնակցեմ միայն առաջին սեզոնին: Այնուհետև ես առաջարկեցի ստեղծել նմանատիպ մրցույթներ, բայց երաժիշտների և կոմպոզիտորների համար:

Արտո Թունջբոյաջյանը կիսվեց իր գաղափարներով և ծրագրերով, որոնք ցանկանում է իրագործել: Այդ ծրագրերը կօգնեին բարձրացնել երկրում մշակութային մակարդակը, ինչպես նաև հետաքրքրություն կառաջացներ երիտասարդության շրջանում ու կհաղորդակցեր նրանց բարձրին և գեղեցիկին: Միևնույն ժամանակ երաժիշտը նշեց, որ նա կարևորություն չի տալիս նյութական բարեկեցությանը և բացարձակապես անկախ է դրամից:

«Մենք այս աշխարհ ենք եկել «մերկ» և այդպես էլ կհեռանանք առանց որևէ բան տանելու»,- ասաց երաժիշտը:
Ինչպես մեր զրույցում նշեց Արտո Թունջբոյաջյանը. «Ամեն ինչ սկսվում է մեկ անձից, բայց երբեք չի ավարտվում մեկ անձով: Մենք պետք է միավորվենք և միասնական լինենք: Մենք պետք է ավելի անկեղծ լինենք միմյանց հետ»:

Arcakh24.info կայքի խմբագրությունը շնորհակալություն է հայտնում Արտո Թունջբոյաջյանին հետաքրքիր հարցազրույցի համար և հաջողություն մաղթում իր ծրագրերի իրագործման մեջ:

Դիտումների քանակը: 5763
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan