«Արմենիա Սակրա» ֆրանսահայ ռեժիսորի ֆիլմը աշխարհին պատմում է Հայաստանի և Արցախի մասին

Ֆիլմ

Փարիզում և եվրոպական մի շարք քաղաքներում առաջիկայում ցուցադրվելու է ֆրանսահայ կինոռեժիսոր Նարեկ Ոսկանյանի «Արմենիա Սակրա» ֆիլմը։

Ֆիլմի գլխավոր թեման միջնադարյան հայկական ճարտարապետությունն է՝ եկեղեցիները, վանքերը, բերդերը և դրանց պատմությունը, ներկայացվում է նաև Հայաստանի բնության բացառիկ գեղեցկությունը։

Օրերս ֆիլմի պրոդյուսեր Նարե Թադևոսյանը Sputnik Արմենիա լրատվական գործակալությանը տված զրույցում նշել է, որ Արցախում նկարահանված եկեղեցիներից, վանքերից, ամրոցներից շատերն այժմ գտնվում են Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում և քանի որ նկարահանումներն իրականացվել են պատերազմից առաջ՝ 2019 թվականին, փաստորեն, նաև այս առումով կադրերը բացառիկ են, միգուցե նաև վերջին վավերացումներն են։

«Մենք նկարահանումներ են արել Ծիծեռնավանքում, Դադիվանքում, Տիգրանակերտում, Տող գյուղում, նկարահանել ենք Հադրութի շրջանի մի քանի բերդեր, Քարվաճառը։ Այժմ, փաստորեն, մեր այս տարածքներն օկուպացված են Ադրբեջանի կողմից։ Ես ի սկզբանե ֆիլմի սցենարը գրելիս հատուկ շեշտադրել եմ, որ դրանք մաքուր հայկական տարածքներ և կոթողներ են, պատերազմից հետո սցենարական և մոնտաժային ոչ մի փոփոխության չեմ արել։ Այս ֆիլմը դիտելուց հետո օտարերկրացին վստահաբար դահլիճից կհեռանա՝ իր հիշողության մեջ պահելով, որ այդ բոլոր եկեղեցիները և քաղաքները հայերինն են և պարզապես Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության պատճառով օկուպացված են»,- հարցազրույցի ժամանակ նշել է կինոռեժիսոր Նարեկ Ոսկանյանը։

Ֆիլմի նպատակն է համայն աշխարհի հայությանը, նաև օտարազգի հանդիսատեսին ներկայացնել հայկական մշակույթը, պատմությունը, ցույց տալ Հայաստանի գրավչությունը՝ դրանով նաև նպաստել զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։

Ֆիլմի հետկադրային տեքստը կարդում է ֆրանսիացի հայտնի օպերային երգիչ Մարիո Հաքքարդը։ Բացառիկ հարցազրույցով է հանդես գալիս աշխարհահռչակ հայագետ Ժան Պիեռ Մահեն: Պրոդյուսերի խոսքով՝ այսօր, երբ Ադրբեջանը զբաղված է հայկական հուշարձանների, մշակույթի յուրացմամբ, եվրոպացի հեղինակավոր մասնագետի խոսքն առավել ծանրակշիռ ու կարևոր վկայություն է դառնում այդ հուշարձանների հայկականության մասին։

«Աշխարհին հայտնի է մեր հայկական վանքերի, եկեղեցիների կառուցման ինքնատիպ լինելը, սակայն դրա հետ մեկտեղ շատ գաղտնիքներ և խորհուրդներ կան, որոնց մասին ինքներս էլ տեղյակ չենք։ Ֆիլմն այս առումով էլ բացառիկ բացահայտումներ է անում, քանի որ անդրադառնում է հայկական եկեղեցիների կառուցման գաղտնիքներին՝ յուրաքանչյուր սյան, եկեղեցու կառուցման դիրքին, անգամ լույսի թափանցման ուղղությունը դեպի եկեղեցի մեզ մոտ խորհրդանշական կերպով է արված։ Այդ մասին է խոսում նաև աշխարհահռչակ հայագետ Ժան Պիեռ Մահեն»,- նշում է Նարեկ Ոսկանյանը։

Պրոդյուսերն ընդգծում է՝ թեպետ ֆիլմը փաստավավերագրական է, բայց ռեժիսորն առանձնահատուկ կարևորություն է տվել նաև կադրի գեղագիտությանը։

«Լինելով մասնագիտությամբ նաև լուսանկարիչ և նկարիչ՝ Նարեկը կադրային, լույսի և ստվերի յուրահատուկ լուծումների միջոցով ֆիլմին իսկապես մոգականություն է հաղորդել»,- նշում է Նարե Թադևոսյանը։

Հավելենք, որ կինոռեժիսոր Նարեկ Ոսկանյանն դեռ մանկուց զբաղվել է գեղանկարչությամբ` անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Հայաստանում, Ռուսաստանում, Լեհաստանում և Ֆրանսիայի տասնյակ ցուցասրահներում։

Նշենք նաև, որ «Արմենիա Սակրա» ֆիլմը լիամետրաժ՝ 65 րոպե տևողությամբ փաստավավերագրական ֆիլմ է, որի նկարահանումները կատարվել են Հայաստանում և Արցախում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ և թույլտվությամբ։

Դիտումների քանակը: 4045
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին