Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի ղեկավարությունը տեղի հայկական կազմակերպությունների հետ հումանիտար օգնություն կուղարկի Արցախ, Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում հայտարարեց շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեն՝ Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանի հետ հանդիպումից հետո:
Լորան Վոքիեն հիշեցրեց, որ երկու օր առաջ Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] սկզբնամասում էր, որտեղ անձամբ է ծանոթացել իրավիճակին:
Ֆրանսիացի պաշտոնյան շեշտել է, որ Լաչինի միջանցքը [Բերձորի միջանցք] պետք է անհապաղ բացվի և միջազգային հանրության պարտավորությունն է համապատասխան արձագանքել իրավիճակին:
«Ավտոշարասյունը կմոտենա Լաչինի միջանցքին [Բերձորի միջանցք], և կպահանջենք, որ այն հասնի Արցախ: Կամ շարասյունը կանցնի, ու այդ ժամանակ մենք հույսի մի փոքրիկ դուռ բացած կլինենք, կամ շարասյունը չի կարողանա անցնել, ու դա մեզ առիթ կտա միջազգային և եվրոպական կազմակերպությունների առաջ ներկայացնել այս հարցը, որ ևս մեկ անգամ միջազգային իրավունքը խախտվում է, և որ պետք է գործողությունների դիմել»,- նշել է Վոքիենը։
Լորան Վոքիենի հայտարարություններին պաշտոնական Բաքուն արձագանքել է նշելով, որ «Ֆրանսիայի իշխանությունները պետք է վերջ դնեն հրահրումներին»։
Ադրբեջանական ԱԳՆ-ն «սադրիչ» անվանումն է տվել Ֆրանսիայի պաշտոնական կառույցների գործողություններին՝ նկատի ունենալով վերոնշյալ հանդիպումը։
Ադրբեջանական կողմին զայրացրել է նաև ֆրանսիացի պաշտոնյայի հայտարարությունը, որ իր ղեկավարած շրջանի աջակցությամբ Լաչինի [Բերձոր] ճանապարհով մարդասիրական շարասյուն կկազմակերպվի։
Թողնել պատասխան