Բերձորի խնդրով Տոյվո Կլաարը կրկին Երևանում է

Կլաար

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն օրեցօր ավելի է ծանրանում ու սրվում։ Համաձայն ՀՀ կառավարության մամուլի ծառայության այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը։

Հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] արգելափակման հետևանքով Արցախում չեն գործում դպրոցներն ու մանկապարտեզները, առողջապահական հիմնարկներն ունեն դեղորայքի խիստ պակաս և կանգնած են լրջագույն խնդիրների առաջ:

«Բացի այդ, Ադրբեջանի կողմից դադարեցվել է Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը, առկա է նաև էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիր»,– ասել է վարչապետը։

Կարևորելով ստեղծված իրավիճակին միջազգային հանրության հասցեական արձագանքը՝ Փաշինյանը գոհունակությամբ է ընդգծել օրերս Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևերի փաստը:

Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ և ընդգծել միջանցքի անխափան գործունեության անհրաժեշտությունը: Նա նշել է, որ ԵՄ-ն շահագրգիռ է տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմամբ և շարունակելու է նպաստել այդ խնդրի լուծմանը:

Կողմերը մտքեր են փոխանակել Եվրոպական միության նոր քաղաքացիական առաքելության տեղակայման գործընթացի, ինչպես նաև ՀՀ-ում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների ուղղությամբ ՀՀ-ԵՄ համատեղ ծրագրերի ընթացքի շուրջ:

Նշենք, որ ավելի վաղ Կլաարն արդեն հանդիպել էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Բոլոր հանդիպումներին էլ ընդգծվել է Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] շուրջ ստեղծված իրավիճակը։

Հիշեցնենք, որ Տոյվո Կլաարն ավելի վաղ իր թվիթերյան միկրոբլոգից հայտնել էր Երևան այցելելու մասին։

«Վերադառնում եմ Երևան, հանդիպումներ եմ ունենալու։ Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] շուրջ իրավիճակը լուրջ է, և անհրաժեշտ է շտապ լուծումներ գտնել։ Ես անհամբեր սպասում եմ քննարկումներին, որպեսզի համատեղ ուսումնասիրենք առաջ շարժվելու ուղիները: ԵՄ-ի նպատակը մնում է հայ-ադրբեջանական խնդրի համապարփակ կարգավորումը»,– նշել էր Կլաարը։

Դիտումների քանակը: 4091
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին