Դատական օրենսգիրքն առերևույթ հակասում է Սահմանադրությանը. Սարգսյանը դիմել է ՍԴ

ՀՀ նախագանը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք),  որն ԱԺ-ի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն էր ներկայացվել դեռ 2021թ. մարտի 22-ին, քննարկել է արդարադատության նախարարի, Ազգային ժողովի պետական — իրավական հանձնաժողովի նախագահի հետ և ստացել նրանց պարզաբանումները: Օրենքը քննարկվել է նաև ԲԴԽ նախագահի, իրավաբան գիտնականների, փորձագետների և փաստաբանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, լսվել են նրանց նկատառումներն ու մտահոգությունները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։

Սարգսյանը մեծապես կարևորելով դատաիրավական ոլորտում բարեփոխումները նշել է, որ դրանք պետք է կատարվեն համակարգային ձևով՝ հստակ ռազմավարության հիման վրա՝ ընդհանուր տեսլականի շրջանակում: Իսկ տեսլականը և ռազմավարությունը պետք է հիմնված լինեն գործնականում առկա և իսկապես արդիական խնդիրների, փորձագիտական ուսումնասիրությունների և միջազգային փորձի լուրջ վերլուծության վրա:

«Օրենքով առաջարկվող կարգավորումներն իրավիճակային են և առերևույթ խնդրահարույց իրավական որոշակիության, համաչափության, իշխանությունների տարանջատման, ինչպես նաև դատական իշխանության անկախության սահմանադրական սկզբունքներին և պահանջներին համապատասխանելու տեսանկյունից», — ասված է նախագահականի տարածած հաղորդագրությունում:

Հաղորդագրությունում ասվում է, որ Օրենքը առերևույթ հակասում է Սահմանադրությանը, ուստի Հանրապետության նախագահը որոշել է դիմել Սահմանադրական դատարան «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:

Դիտումների քանակը: 4275
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին