Դատավոր Գևորգ Նարինյանը կմնա կալանավորված

gevorg-narinyan

ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը կշարունակի մնալ կալանավորված։ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, մերժել է Նարինյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում 2 դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով, ինչը հուլիսի 17-ին ԲԴԽ-ն բավարարել էր ու ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տվել։

Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգիրքի 38-308-րդ, 190-րդ, 310.1-րդ և 314.3-րդ հոդվածներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու կամ օժանդակելու, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ապօրինի հարստանալու և հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար: Իսկ դատավոր Արա Կուբանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։

Հուլիսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել է Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Նա երկու ամսով տեղափոխվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։ տեղեկացնենք նաև, որ գործով մյուս մեղադրյալը՝ դատավոր Արա Կուբանյանը, չի կալանավորվել։ Նշենք նաև, որ մինչև այսօր Նարինյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել:

Դիտումների քանակը: 5303
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին