ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդը մարտի 27-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը։ Այդ մասին հաղորդում է պաշտոնական Բաքուն։
Դոնֆրիդն ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման կարևորությունը տարածաշրջանային խաղաղության և զարգացման համար, մտահոգություն է հայտնել տարածաշրջանում վերջերս սրված իրավիճակի կապակցությամբ և կոչ է արել բոլոր հարցերը լուծել բանակցությունների միջոցով։ Վերջինս նաև հավելել է, որ ամերիկյան կողմը պատրաստ է աջակցել խաղաղության գործընթացին։
Բայրամովը Դոնֆրիդին տեղեկացրել է տարածաշրջանում տիրող վերջին իրավիճակի մասին, շեշտել, թե իբր Հայաստանը «ոչ կառուցողական մոտեցումներ է որդեգրել», որոնք խոչընդոտում են խաղաղ համաձայնագրի բանակցություններին։
Բացի այդ ադրբեջանցի պաշտոնյան հայտնել է, թե իբր Հայաստանից Արցախ կրկին զենք-զինամթերք է տեղափոխվում և այդ քողի տակ մեկ անգամ ևս բարձրաձայնեց, որ Լաչինի [Բերձոր] ճանապարհի սկզբնամասում Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային անցակետի ստեղծումը «կարևոր է»։
Բացի այդ Բայրամովը նշել է, որ «Ադրբեջանը պատրաստ է ցանկացած պահի բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ»։
Թողնել պատասխան