Արցախի մասին պատմող ֆիլմը ցուցադրվել է նաև Բուխարեստում

Մարտի 15-26-ը Բուխարեստում անցկացված Ֆրանսիական ֆիլմերի փառատոնի 27-րդ թողարկմանը, որը նվիրված էր Ռումինիայի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն անդամակցության 30-ամյակին, ֆիլմերի մեջ ընդգրկված էր նաև «Si Le Vent Tombe» («Երբ քամին հանդարտվի») ֆիլմը։ Այդ մասին հայտնում են Ռումինիայում ՀՀ դեսպանությունից` հավելելով, որ ֆիլմը ցուցադրվել է մարտի 26-ին, Բուխարեստի Ֆրանսիական ինստիտուտի «Էլվիրե Պոպեսկու» կինոթատրոնում:

Ֆիլմն անդրադառնում է Արցախի ժողովրդի՝ միջազգային հանրության կողմից ճանաչված լինելու, ինչպես նաև Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ձգտումին ու առկա դժվարություններին։

Ֆիլմի ցուցադրմանը ներկա են եցել Ռումինիայում հավատարմագրված դինավագիտական կորպուսի ներկայացուցիչներ, անվանի կինոքննադատներ, ռումինացի և հայ բազմաթիվ կինոսերներ, ինչպես նաև Ռումինիայում ՀՀ դեսպանության անձնակազմը:

Կինոդիտման սկզբում ներկաներին բացման խոսքով դիմել է Ռումինիայում ՀՀ դեսպանության խորհրդատու Լ. Մինասյանը, որը, մասնավորապես նշել է. «Թեև ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել 2020թ. աշնանը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից առաջ, սակայն ֆիլմում ներկայացված դժվարություններն ու խնդիրներն առավել քան արդիական են հատկապես այսօր, երբ արդեն 105 օր է, ինչ Ադրբեջանը շրջափակել է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ, կենսական նշանակություն ունեցող ճանապարհը՝ Լաչինի միջանցքը [Բերձորի միջանցք]»։

Հավելենք, որ Հայաստան, Ֆրանսիա, Բելգիա 2020թ. համատեղ արտադրության 1 ժամ 40 րոպեանոց ֆիլմի ռեժիսորն է Նորա Մարտիրոսյանը: Գլխավոր դերերը կատարել են Գրեգորի Քոլինը, Հայկ Բախրյանը և Արման Նավասարդյանը:

2020թ. նոյեմբերին «Երբ քամին հանդարտվի» ֆիլմը բացեց 16-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, իսկ 2021թ. մայիսի 26-ին վարձույթի դուրս եկավ Ֆրանսիայում։

Ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի ֆիլմը Ֆրանսիայի Անկախ կինոյի առաջխաղացման ասոցիացիայի կողմից ներկայացվել էր նաև Կաննի կինոփառատոնին։

Դիտումների քանակը: 3754
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին