«Ես մինչև օրս չէի հավատում Աստծուն». Լևոն Արզանով

Շուշի-Արզանով

Ռուս ռազմական լրագրող Լևոն Արզանովը, որը հոկտեմբերի 8-ին վիրավորվել էր Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծության ժամանակ, հարցազրույց է տվել ռուսական «Общественная служба новостей» պարբերականին, որտեղ պատմել է իր, Յուրի Քիթենի և նրան ուղեկցող Հրանտ Բալադյանի բեկորային վնասվածքներ և տարբեր ծանրության կոտրվածքներ ստանալու պատճառները։

Արզանովը հիշում է, որ երբ նրանք հասան եկեղեցի այնտեղ արդեն մաքրում էին ռմբակոծության հետքերը, հավաքում էին կոտրված ապակիները ու կրկին եկեղեցին ստածավ ԱԹՍ-ի երկրորդ հարվածը։ Այդ հարվածից հետո իրեն դուրս են բերել տեղացիները և տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց։

«Ինձ հասցրին հիվանդանոց, որը ռմբակոծել էին։ Այդ պահին ես սարսափեցի․ այստեղ որտե՞ղ են մեզ օգնություն ցուցաբերելու։ Պատկերացրեք` հիվանդանոցում ոչ մի հատիկ ապակի չկա, պալատներում մահճակալները շրջված են, դրանց վրա պատուհանների դուրս եկած շրջանականերն են ընկած, տեղ-տեղ՝ արյունոտ համազգեստներ։ Եվ ոչ ոք չկա։ Այն մարդը, որ ինձ բերել է, գոռում է միջանցքներում, կանչում է բժշկին։ Եվ այդ պահին ինչ-որ տեղից` նկուղների կողմից, պատասխանեցին։ Մենք իջանք այնտեղ»,-պատմում է Արզանովը։

Պարզվել է, որ նրանք եկել են սովորական մի նկուղ։ Նա պատմում է, որ երբեք չի ենթադրել, որ այնտեղ պետք է ինչ-որ մեկին բուժօգնություն ցուցաբերվի։ Միակ «հարմարությունը» հատակին թափված պարալոնե ներքնակներն էին։ Արզանովին պառկեցրել են դրանցից մեկի վրա և սկսել վիրակապել։

«Մի ձեռքիս մատը փշրված էր։ Իսկ քանի որ մենք բոլորս շինարարական փոշով ու մրով էինք պատված, սկսեցին մեր ձեռքերը լվանալ։ Եվ այդ գործողությունը կատարում էր մոտ ութ տարեկան մի աղջնակ։ Ջրով լվանում էր ձեռքերս և հայերեն ինչ-որ բան ասում։ Ընդ որում՝ ոչ թե լաց լինելով, այլ ամուր ու վստահ տոնով ինչ-որ բան էր խոսում։ Երևի «դիմացիր» կամ նման մի բան։ Դա ինձ ցնցեց»,-պատմում է ռազմական վերլուծաբանը։

Այն հարցին, թե արդյո՞ք նա իրեն ավելի վստահ զգաց այդ պահին, տեսնելով, որ այդ հասուն ու լուրջ գործով փոքրիկ աղջիկ է զբաղվում, Արզանովը պատասխանել է․ «Ոչ։ Ես ախր զինվորական մարդ եմ։ Մենք սովորաբար լաց չենք լինում ու չենք տնքում։ Իսկ այդ պահին ես, հակառակը, քիչ էր մնում լաց լինեի այդ մտքից, որ փոքր երեխան նստած է այդ նկուղում և վիրավորներին է օգնում։ Ես ինքս երկու դուստր ունեմ»։

Լրագրողը խոստովանում է, որ Աստծո գոյությանը սկսել է հավատալ այդ օրվանից հետո միայն։

«Ես նախկինում չէի հավատում Աստծուն։ Նախկինում։ Մինչև այն օրը, երբ եկեղեցում Աստված պաշտպանեց մեզ իր երկնային վահանով։ Եվ մենք ողջ մնացինք։ Թեև Յուրի Կոտենոկն ու Հրանտը շատ հավատացյալ մարդիկ են։ Գուցե նրանց պահապան հրեշտակները բացեցին թևերը և ինձ էլ ծածկեցին»,-ասում է նա և ավելացնում, որ իր գլխարկը, որը եկեղեցում է մնացել, լրիվ ծակծկված էր` ինչպես մուլտֆիլմի փոստատար Պեչկինի գլխարկը։ Իսկ իրենք ինչ-որ կերպ փրկվեցին` միայն կոտրվածքներ ստանալով ու վիրավորվելով։

Ռուսաստանցի ռազմական թղթակիցներ Լևոն Արզանովն ու Յուրի Կոտենոկը, ինչպես նաև նրանց ուղեկցող Հրանտ Բադալյանը, հրթիռակոծության տակ էին հայտնվել Շուշիում։

Նրանք եկել էին Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, որին դրանից մի քանի ժամ առաջ հակառակորդը հրթիռային հարված էր հասցրել։ Բայց ուսումնասիրել եկեղեցին և ականատեսներից հարցազրույց վերցնել այդպես էլ չի հաջողվել։ Երբ լրագրողները ներս են մտել, ԱԹՍ-ն եկեղեցուն է ուղղել ևս մեկ կառավարվող հրթիռ։

Պայթյունի արդյունքում երեքն էլ բեկորային վնասվածքներ և տարբեր ծանրության կոտվածքներ են ստացել։ Մի շարք վիրահատություններից հետո Արզանովին և Բալադյանին տեղափոխել են Մոսկվա։ Յուրի Կոտենոկին ծանր վիճակի պատճառով թողել են Երևանում։ Այժմ նրա վիճակը շատ ավելի լավ է, նա շարունակում է վերականգնվել։

Դիտումների քանակը: 4705
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին