Եվս մեկ պատմական ապրիլ: «Քառօրյա պատերազմ»-ից չորս տարի անց

Քառօրյա պատերազմ

Լրացավ ապրիլյան պատերազմի չորս տարին: 2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հերթական անգամ ձեռնարկեց պատերազմական գործողություններ, բայց այս անգամ լայնամասշտաբ ու այդ գործողությունները տևեցին չորս օր, որի ընթացքում ադրբեջանական բանակը գործի դրեց իր զինանոցի գրեթե ողջ զինատեսակները և մարդկային ռեսուրսները: Հարվածի տակ էր նաև խաղաղ բնակչությունը, զոհվեցին և վիրավորվեցին խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ: Ադրբեջանը փորձել է նման քայլով արագ հաղթանակի հասնել՝ ճեղքելով մեր ինքնապաշտպանությունը ներթափանցել թիկունք և առաջ շարժվել: Ու այդ ամենը կասեցվել է անձնուրաց մեր քաջարի տղաների շնորհիվ, ովքեր կասեցրել են լայնամաշտաբ պատերազմը, որը սպառնում էր Արցախի և ի վերջո Հայաստանի գոյությանը: Ապրիլի 2-ին հայկական երկու պետությունները, հերթական անգամ, կանգնել էին լինել-չլինելու խնդրի առաջ ու այդ խնդիրը լուծվել է սահմանին՝ 18-20 տարեկան պատանիների կյանքերի գնով:

Ապրիլի 5-ին, ժամը 12:00-ի դրությամբ բանավոր համաձայնությամբ դադարեցվեցին լայնամասշտաբ ռազմական գործողությունները: Սակայն այդ օրերին մենք ունեցանք հարյուրից ավել զոհեր ու վիրավորներ և կորցրել ենք մոտ 800 հա տարածք: Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարեց 31 զոհի մասին, մինչդեռ ոչ պաշտոնական աղբյուրները հաղորդում են 300-ից ավելի զոհի մասին: Մեծ են նաև Ադրբեջանի տեխնիկական կորուստները՝ 24 տանկ, ուղղաթիռ, հրանետ, հետևակի մարտական մեքենա, զրահապատ մեքենա, գրադ, անօդաչու սարքեր:

«Քառօրյա պատերազմը» ևս մեկ անգամ հաստատեց, որ հայ ժողովրդի միակ պաշտպանն ու դաշնակիցը հայ զինվորն է և աշխարհասփյուռ հայությունը։ Հայ ժողովուրդը հերթական անգամ ականատեսն եղավ իր իսկ սնած առյուծասիրտ զավակների հերոսությանը: Աշխարհը ափշեց նրանով, որ ժամկետտային զինծառայող Մարատ Պետրոսյանը կարող է երեք օրվա ընթացքում՝ ֆագոտ զինատեսակով, խոցել հինգ տանկ և մեկ ՀՄՄ: Կամ ինչպես է Նարեկ Մալխասյանը նռնականետով խոցել հակառակորդի ՄԻ-24 ուղղաթիռը: Այդ և նման բազմաթիվ սխրանքների ականատեսն եղանք մենք այդ օրերին, իսկ թշնամին զգաց դա իր կաշվի վրա:

Հավերժ փառք ու պատիվ սահմանում կանգնած, հայ ժողովրդի անդորրը ապահովող, յուրաքանչյուր սպայի և զինվորի:

Դիտումների քանակը: 6421
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan