Freedom House-ը կոչ է անում դադարեցնել եզդի ակտիվիստի հետապնդումը և չեղարկել ազատ խոսքը վտանգող օրինագծերը

20210804_141328

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Հայաստանի իշխանություններին դադարեցնել քրեական հետապնդումն ազգությամբ եզդի, իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ և չեղարկել խոսքի իրավունքը լրջորեն վտանգող ու խախտող օրենսդրական նախագծերը:

«Չարդարացված քաղաքական հետապնդումը եզդի իրավապաշտպանի նկատմամբ անհանգստացնող է ինչպես Հայաստանում էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքի, այնպես էլ քննադատությանը կառավարության հակազդեցության տեսանկյունից», — հայտարարել է Եվրոպայում ու Եվրասիայում Freedom House-ի ծրագրերի տնօրեն Մարկ Բերենթը՝ հավելելով, որ հատկապես կառավարական պաշտոնյաների նկատմամբ «ծանր վիրավորանքը» և քննադատության այլ ձևերը քրեականացնող օրենսդրության ընդունումը խեղդում է խոսքի ազատությունը և քաղաքական ընդդիմությունը:

«Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին, Ազգային անվտանգության ծառայությանը և Գլխավոր դատախազությանը՝ հրաժարվել Սաշիկ Սուլթանյանի դեմ մեղադրանքներից և չեղարկել խոսքի ազատությունը խաթարող հակասահմանադրական օրենսդրությունը», — ասել է Բերենթը:

Հիշեցնենք՝ եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանը մեղադրվում է հայ ու եզդի ժողովուրդների միջև ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու համար, հիմքը նրա հարցազրույցներից մեկն է:

Հայհոյանքը քրեականացնելու օրինագիծը 7-րդ գումարման Ազգային ժողովն ընդունեց անցած շաբաթ, դրանով անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը պատժվում է 100 հազարից մինչև 3 միլիոն դրամ տուգանքով կամ 1-3 ամիս ժամկետով կալանքով:

Դիտումների քանակը: 4166
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին