Մեր խմբագրությունը, սկսած հունիս 16-ից, հետևում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձություններին: Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հոդվածով։ Նրա կալանավորման միջնորդությունը ներկայացրել էր Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ): Այսօր հայտնի դարձավ, որ ընտրակաշառք տալը կազմակերպելու համար մեղադրվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմն ու գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոքներ են ներկայացրել ընդդեմ Վերաքննիչ դատարանի որոշման:
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր ԱԱԾ միջնորդությունը՝ կալանքի տակ առնել Ծառուկյանին` պնդելով, որ ճիշտ է` կա հիմնավոր կասկած, որ ԲՀԿ առաջնորդը կատարել է այդ հանցագործությունը, սակայն ընդդիմադիր գործիչը կարող է գտնվել ազատության մեջ։ Առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկվել է։ Գլխավոր դատախազությունը պահանջել էր բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և կալանավորել Ծառուկյանին։
Մինչդեռ, ԲՀԿ առաջնորդի փաստաբանական խումբը բողոքարկել է առաջին ատյանի դատարանի այն գնահատականը, թե կա հիմնավոր կասկած, որ Ծառուկյանը կատարել է իրեն առնչվող հանցագործությունը, նաև այն, որ այս քրեական գործը պետք է քննի ոչ թե ԱԱԾ, այլ Հատուկ քննչական ծառայությունը։
Հուլիսի 8-ին վերաքննիչ դատարանը բեկանել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն հետ ուղարկեց նոր քննության: Նշված ատյանում 63-ամյա Ծառուկյանին կալանավորելու որոշում չէր կայացրել, իսկ հարցի քննությունը կրկին տեղափոխվել էր առաջին ատյան։ Նշենք նաև, որ Վերաքննիչ դատարանը մերժել էր ընդդիմադիր գործչի փաստաբանական խմբի բոլոր պահանջները։
Թողնել պատասխան