Գարեգին 2-րդը Հռոմում բարձրացրել է 44-օրյա պատերազմի հայ գերիների հարցը

FB_IMG_1633709609758

Հոկտեմբերի 7-ին Հռոմի (Իտալիա) Կոլիզեյում` ամֆիթատրոնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսը մասնակցել է Սանտ Էջիդիո համայնքի կողմից կազմակերպված տարեկան ավանդական խաղաղության աղոթքին, որին ներկա են եղել Հռոմի պապը, Քույր եկեղեցիների պետեր, տարբեր երկրների ղեկավարներ ու պաշտոնյաներ։ Այդ մասին հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։

Հանուն խաղաղության միջեկեղեցական աղոթքի ընթացքում Գարեգին Երկրորդն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքներին։

«Մենք գալիս ենք մի երկրից, որտեղ Ամենակալի նախախնամական ձեռքով պատմության ընթացքում ամեն մի քարի ու ավազահատիկի մեջ խտացվել է քրիստոնեական վկայությունը, խաչի ճանապարհը՝ հանուն Հարության ու հավատի հաղթանակի, որտեղ լեռներն աղոթքի ամենազոր ուժով վերածվել են խաչքարերի, դաշտերն ու բլուրները՝ սրբազան խորանների, լճերն ու գետերը՝ Մկրտության ավազանների՝ որպես հավատարմություն մեր քրիստոնեական հավատքի ու ինքնության։

Գարեգին 2-րդը Հռոմում բարձրացրել է 44-օրյա պատերազմի հայ գերիների հարցը

Ազգս հայոց լավ գիտի խաղաղության գինը, որ վճարել ու շարունակում է վճարել։ Անցյալ տարի մեր ժողովուրդը վերստին անցավ խաչի ճանապարհով։ Ազատ ու անկախ ապրելու իրավունքը, Տերունաշնորհ խաղաղ կյանքը պաշտպանելու համար ազգիս զավակները կրեցին արհավիրքները Ադրբեջանի կողմից Թուրքիայի օգնությամբ և ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ սանձազերծված 44-օրյա պատերազմի»,-մասնավորապես ասել է կաթողիկոսը։

Ապա Ամենայն հայոց հայրապետն իր երախտագիտությունն է հայտնել Քույր եկեղեցիներին՝ պատերազմի օրերին անարդարությունն ու եղեռնագործությունը դատապարտելու համար և վստահություն է հայտնել, որ առաջիկայում էլ բարձրահունչ պիտի պահեն իրենց ձայնը՝ ընդդեմ արցախահայության անկախ ապրելու իրավունքի նկատմամբ բռնացումի, հանուն գերյալների ազատության և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման, հանուն տարածաշրջանում կայուն խաղաղության վերահաստատման։

Գարեգին 2-րդը Հռոմում բարձրացրել է 44-օրյա պատերազմի հայ գերիների հարցը

Արարողության ընթացքում հնչել են եկեղեցապետերի և կրոնական առաջնորդների ուղերձներ։ Ավարտին Ֆրանցիսկոս Պապի ուղերձից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են բոլոր պատերազմների զոհերի հիշատակը։

Դիտումների քանակը: 4030
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին