Գազի գինը: ՙՙԵս այցելեցի Ձեր կայքը, և չգտա առավելապես մանրամասն հաշվարկ՚՚

44576973_2015128315446111_7729932214917398528_n (1)

Արցախի հանրության մոտ գազի սակագնի բարձրացման հետ կապված մեծ անհանգստության պատճարով, մենք այցելեցինք ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով և այդ հարցերի պատասխաները փորձեցինք ստանալ հանձնաժողովի նախագահի տեղակալ պրն. Միքայել Վիրաբյանից:
Պարոն Վիրաբյան Արցախի հանրության մոտ մեծ անհանգստություն է առաջացել կապված գազի սակագնի բարձրացման հետ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հանգամանքը և ի՞նչ է մեզ իրականում սպասվում այդ ոլորտում։

— Տեղեկացնեմ, որ գազի սակագնի փոփոխություն տեղի չի ունեցել, և այն գործում է 2017թ. հունվարի 1-ից: Եթե հարցը վերաբերում է բնակչության ներտնային և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության վճար սահմանելուն, ապա. հայտնի է, որ անվտանգության համակարգերի մասսայական տեղադրումը զգալիորեն նվազեցնում է ռիսկերը, դիտվում է բաժանորդների մոտ բնական գազի օգտագործման ուղղությամբ պատասխանատվության դրսևորման հոգեբանական միջոց, սակայն դրանք ոչ մի դեպքում չեն բացառում բաժանորդի գազի սարքավորումների գազային ցանցի, ծխաօդատար ուղիների վիճակի պարբերաբար ստուգման, թերությունների հայտնաբերման և վերացման, բաժանորդին հրահանգավորման անհրաժեշտությունը: Այս հարցը բավականին երկար ժամանակ ընդգրկված է եղել Հանձնաժողովի աշխատանքային ծրագրում, հարցին աստիճանաբար և ընդունելի օպտիմալ տարբերակով լուծում տալու համար (ի դեպ ՀՀ-ում այն տասը տարուց ավելի գործում է): Այստեղ իր դերն է խաղացել նաև, վերջին տարիների վիճակագրական անմխիթար վիճակը համակարգում անվտանգության հետ կապված (մահվան ելքերով): 2018 թվականի ապրիլի 6-ին հայտով Հանձնաժողովին է դիմել ՙՙԱրցախգազ՚՚ ՓԲ Ընկերությունը՝ բնակչության ներտնային և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության վճար սահմանելու վերաբերյալ: ԼՂՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 28-ի ՙՙԱնվտանգության կանոնները գազի տնտեսությունում՚’ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին՚՚ N 565 որոշման տեխնիկական կանոնակարգի 13-րդ կետով սահմանվել է, որ բնակելի շենքերում, առանձնատներում ներտնային գազասպառման համակարգի պատշաճ վիճակում պահպանման համար պարտավորությունը կրում են շենքերի և առանձնատների սեփականատերերը: Բնակելի շենքերում ներտնային գազասպառման համակարգերի անվտանգ շահագործումն ապահովող որակյալ տեխնիկական սպասարկման և վերանորոգման պարտավորությունները վերապահվում է գազամատակարարող կազմակերպություններին: Հանձնաժողովի 2018 թվականի մայիսի 18-ի ՙԲնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2007 թվականի նոյեմբերի 27-ի N 12Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին՚ 23-րդ որոշմամբ սահմանվել է, որ գազասպառման համակարգը գործարկման և գազամատակարարման ընթացքում պետք է համապատասխանի տեխնիկական կանոնակարգերով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին: Կանոնների 15-րդ կետով նախատեսվել է, որ մատակարարը պարտավոր է կատարել բնակիչ-բաժանորդների և բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգի պարբերական սպասարկման աշխատանքները` համաձայն պայմանագրի պահանջների, իսկ կանոնների 21-րդ կետով սահմանվել է, որ մատակարարի կողմից բնակչության ներտնային և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության վճարը սահմանում է Հանձնաժողովը: Հանձնաժողովը ուսումնասիրելով առկա իրավական հիմքերը՝ բնակչության ներտնային և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության համար սահմանել է 2270 դրամ սակագին, որը համահունչ է Հայաստանի Հանրապետությունում գործող սակագնին: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում քննարկվում է բնակչության ներտնային և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության սակագնի վերանայման հարցը. փոփոխության դեպքում՝ կապված իրավական դաշտի նույնականացման նպատակադրության հետ, նշված հարցը կքննարկվի նաև Արցախի Հանրապետությունում:

Անշուշտ, անվտանգությունը կարևոր է և Ձեր կողմից նշված բոլոր հանգամանքները նույնպես կարևոր են, բայց, այնուամենայնիվ, որոշ հարցեր են առաջացնում այն չափորոշիչները, որոնցով Դուք առաջնորդվում եք աշխատանքի ընթացքում: Մասնավորապես, ինչպե՞ս եք որոշում, թե ինչ շահույթ պետք է լինի և ինչո՞վ եք առաջնորդվում կորուստները հաշվարկելու հարցում:
-Հանձնաժողովը իր հաշվարկներում առաջնորդվում է ողջամիտ շահույթ հասկացությամբ, որը թույլ է տալիս հիմնականում ապահովել համակարգի պահպանումը (հաշվի է առնված նաև այլ երկրների փորձը): Ինչ վերաբերում է կորուստներին, ապա այն՝ ԱՀ կառավարության որոշմամբ, կոնկրետ բնական գազի հաղորդման (փոխադրման) և բաշխման ցանցերում նորմատիվային (բնական) կորուստների առավելագույն չափը սահմանվել է 3,7 տոկոս: Ժողովրդավարական հասարակության հիմք է հանդիսանում պետական ​​կարգավորող մարմինների գործունեության թափանցիկության սկզբունքը:

Զրույցի ընթացքում Դուք բազմիցս ասացիք, որ Ձեր աշխատանքի արդյունքում կանխվել են գների բարձրացման փորձեր և որ Ձեր կողմից հաստատված գներն արդարացի են: Բայց ավելի արդարացի և թափանցիկ չէ՞ր լինի, եթե Դուք հրապարակեիք Ձեր գործունեության արդյունքները (ծախսերի բոլոր ցուցակները կետ առ կետ` սկսած աշխատավարձերից և վերջացրած պտուտակներով):
— Հանձնաժողովն իր գործունեության առաջին իսկ օրվանից աշխատում է թափանցիկության սկզբունքով: Հանձնաժողովի նիստերը դռնբաց են, հրավիրվում են ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իսկ օրակարգը նախօրոք՝ հինգ օր առաջ տեղադրվում է հանձնաժողովի ֆեյսբուքյան և կայք էջերում: Ձեր նախանշած բոլոր փաստաթղթերը օրենքի սահմաններում տեղադրված են հանձնաժողովի կայքէջում:

Անկեղծ ասած, ես այցելեցի Ձեր կայքը և ֆեյսբուքյան էջը, և չգտա որևէ ապրանքի կամ ծառայության ծախսերի վերաբերյալ կատարված առավելապես մանրամասն հաշվարկ: Ներկայացված նյութում անհնար է հասկանալ, օրինակ, քանի մետր և ինչ տրամագծի խողովակ է անհրաժեշտ անվտանգության համակարգի ապահովման համար` բաժանորդների բնակարաններում գազի օգտագործման ժամանակ: Եթե ​​քաղաքացին տեսնի, թե այդ նույն Արցախգազն ինչ գնով է պատրաստվում գնել 0.75 դյույմ (պայմանական) տրամագծով խողովակներ և այդ գինը համապատասխանում է շուկայականին (որոշ դեպքերում կարող է և ցածր լինել, չէ որ խոսքը մեծ ծավալների մասին է), ապա մեծ վստահությամբ կներշնչվի Ձեր կազմակերպության և ընդհանրապես պետական մարմինների հանդեպ: Հաշվի առնելով, որ ժողովրդի մոտ պետական կառույցների հանդեպ վստահության դեֆիցիտ կա, դա տրամաբանական կլիներ: Տրամաբանական կլիներ ցույց տալ Ձեր կազմակերպության ազնվությունը, արդարությունը և արդյունավետությունը, և դրանով նպաստել Արցախի պետականության կայացմանը: Ի՞նչն է խանգարում Ձեզ այդպես վարվել: Ինչու՞ չեք ցանկանում նպաստել Արցախի պետականության կայացմանը և ամրապնդմանը:

— Հանձնաժողովն իր գործունեության առաջին իսկ օրվանից աշխատում է թափանցիկության սկզբունքով:

 

Չնայած այն հանգամանքին, որ անվանականորեն ստացվել են բոլոր հարցերի պատասխանները` վերջին հարցի պատասխանը, անշուշտ, չի կարող բավարար համարվել: Հիշում եմ այն ժամանակները, երբ հարցին թե «Ինչպես կարողացաք նման տներ կառուցել», արցախցի պաշտոնյաները մամուլին պատասխանում էին. «ցեմենտի, քարի, ավազի և այլ շինանյութերի միջոցով»: Թվում է թե ժամանակները չեն փոխվել Պարոնայք:
Այս հարցը քմահաճույքով թելադրված չէ, ոչ էլ զրուցակցին դժվար կացության մեջ դնելու ցանկուէյամբ: Այն թելադրված է առաջին հերթին այն բանով, որ լինելով տնտեսագետ, ես համոզված եմ նրանում, որ հենց թափանցիկության սկզբունքով և համացանցի լայն օգտագործման շնորհիվ մենք կարող ենք լուծել մենաշնորհային ոլորտներում անարդյունավետության խնդիրը: Նման մեթոդը պետք է հիմք հանդիսանա բոլոր մենաշնորհային ոլորտներում սակագին սահմանելու համար` լինի դա ջուրը, էլեկտրաէներգիան,հաղորդակցության միջոցները կամ գազը:

Դիտումների քանակը: 4888
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan