Հայկական Հադրութ քաղաքում, թշնամին կառուցել է շեհիդների հուշահամալիր, որտեղ տեղադրել է նաև բռունցքի տեսքով հուշարձան։ Հուշարձանի վրա պատկերում են զինծառայողներ և անօդաչու թռչող սարքեր:
Համաձայն ադրբեջանական աղբյուրների «Երկաթե բռունցք» անվանմամբ նրանք կոչել են Արցախյան երկրորդ պատերազը։
Հիշեցնենք, որ Հադրութ քաղաքի և շրջանի շուրջ երեք տասնյակ համայնքների կորստի մասին թե՛ պաշտոնական Ստեփանակերտը, թե՛ Հայաստանի իշխանությունները մինչև նոյեմբերի 10-ը ոչ միայն չէին հայտնել, այլև շարունակաբար կտրականապես հերքել են։ Հոկտեմբերի 9-ին, ի պատասխան ադրբեջանական պաշտոնական հաղորդագրությունների, Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրել էր. — «Ես հենց հիմա Հադրութում եմ և չգիտես ինչու մենակ հայերի եմ տեսնում»։
Նույն ժամերին Հադրութի գրավման մասին Բաքվի պնդումները հերքում էր նաև Արցախի նախագահի խոսնակը՝ ասելով. — «Իլհամ Ալիևի հերթական ցնդաբանությունը, թե իբր Հադրութը գրավել են, իրականությունից հեռու է այնքան, որքան ադրբեջանական ահաբեկված զորքը Հադրութից: Այսինքն տասնյակ կիլոմետրեր»։
Մինչդեռ, ադրբեջանական աղբյուրների պնդմամբ հենց այդ օրն արդեն քաղաքն ու շրջանը իրենց ձեռքում էր։
Թողնել պատասխան