Հայ ռազմագերիներին կանխամտածված սպանելու տեսանյութը նոր է. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին կանխամտածված սպանելու իսկությունն այս պահին պարզել ենք. այն նոր է, դեպքը տեղի է ունեցել սույն թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ հարձակման ընթացքում։ Այդ մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։

«Փաստը հաստատվում է տեղանքի ուսումնասիրության, տեսանյութերի մեր և այլ շտեմարաներում առկա համանման տեսանյութերի հետ համադրությամբ, ինչպես նաև եղանակային պայմանների, զինծառայողների համազգեստի, ադրբեջանցի ծառայողների խոսակցության և այլ պարամետրերի համալիր համադրությամբ»,-նշել է Գրիգորյանը։

ՀՀ ՄԻՊ-ը շեշտում է, որ սա ադրբեջանական զինուժի կողմից իրականացված հերթական պատերազմական հանցագործությունն է, որի աղբյուրը հայատյացության հետևողական քաղաքականությունն է, որն իրականացվում է Ադրբեջանի կողմից՝ դրսևորվելով կրթական բովանդակությունից սկսած հանրային կյանքի բոլոր ոլորտներում և հենց այդ երկրի նախագահի հայտարարություններում։

Այս տեսանյութը, ի թիվս մյուսների, կներառվի Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում և կուղարկվի միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին։
Քրիստինե Գրիգորյանը հիշեցնում է, որ այսօր ՄԱԿ օրացույցում նշվում է «Բռնության դեմ պայքարի օրը», սակայն պատերազմական այս հանցագործություններին հարցի վերաբերյալ միջազգային մարդու իրավունքների մանդատ ունեցող կառույցների ոչ համարժեք արձագանքը ՄԱԿ օրացույցում միայն նման նոր օրեր լրացնելու ռիսկ է պարունակում։

Հավելենք, որ ավելի վաղ ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածված՝ հայ գերիների գնդակահարության տեսանյութին են անդրադարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոն, Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Դեպքի առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը գրել է. «Հայաստանի Հանրապետությունը պահանջում է հստակ գնահատական տալ ադրբեջանական ԶՈւ–ի այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։ Մենք հետամուտ ենք լինելու միջազգային համապատասխան հարթակներում և ատյաններում խնդրի բարձրաձայնմանը, և վերոնշյալ հանցագործությունների մեղավորներին ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելուն, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցների կիրառմամբ»։

Դիտումների քանակը: 4129
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին