Հայաստանը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի համար. Մուստաֆա Շենթոփ

mustafa_sentop

Այսօր «Խորհրդարանների դերը միջազգային խաղաղության և կայունության ամրապնդման հարցում» խորագրով տեսաժողովի ժամանակ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ Հայաստանը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի համար։

Նշենք, որ տեսաժողովը կազմակերպվել է Թուրքմենստանի նախաձեռնությամբ: Մուստաֆա Շենթոփն իր խոսքում մասնավորապես տեսակետ է հայտնել, որ

«Թուրքիան Հայաստանն ընկալում է որպես պետություն, որը չմտածված է գործում և վտանգ է ներկայացնում Ադրբեջանի ու, ընդհանուր առմամբ, տարածաշրջանի համար:

Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին ոչ միայն երկու երկրի բարեկամության և եղբայրության ցուցանիշ է, այլև Բաքվի դիրքորոշման արդարացիության վկայությունը տարածաշրջանային խաղաղության սպառնալիքի ֆոնին»:

Հիշեցնենք, որ տեսաժողովին մասնակցել է նաև ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ով ընդգծել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախում խաղաղ բնակիչների և կենսական ենթակառուցվածքների նպատակաուղղված կրակոցները, Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգությունների պղծումը, պատերազմական օրերին քիմիական զենքի տարրեր պարունակող զինամթերքի կիրառումը, Բաքվի «ռազմական ավարի պուրակի» հարցը` նշելով, որ միայն ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացումը և ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը կարող են պայմաններ ստեղծել տարածաշրջանում խաղաղության և կայունության համար: Իր խոսքում Միրզոյանն անդրադարձել է նաև գերիների հարցին։

«Մինչ օրս Ադրբեջանը կոպտորեն խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունները եւ շարունակում անօրինական կերպով պահել հարյուրավոր հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց: Կան անվիճելի եւ հաստատված փաստեր՝ ինչպես են բազմաթիվ գերիներ խոշտանգվել, խեղվել եւ նույնիսկ սպանվել: Այս հանցագործությունները նկարահանվել եւ տարածվել են սոցիալական ցանցերում եւ լայնորեն հավանության են արժանացել ադրբեջանական հասարակության շրջանում»:

Դիտումների քանակը: 4370
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին