Արցախի ՄԻՊ-ը Դադիվանքի միջադեպի մասին կտեղեկացնի միջազգային կառույցներին

ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը պատրաստվում է միջազգային համապատասխան կառույցներին տեղեկացնել Դադիվանքի միջադեպի մասին՝ կոչ անելով հստակ մեխանիզմներ կիրառել Ադրբեջանի անօրինական գործողությունների դեմ։

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին ադրբեջանական կողմը խոչընդոտել է 25 հայ ուխտավորի մուտքը Դադիվանք, որտեղ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի սպասավորների կողմից նախատեսվում էր իրականացնել ձեռնադրման արարողություն:

«Հավատացյալների մուտքը Դադիվանք ակնհայտորեն կեղծ և անհիմն պատրվակներով խոչընդոտելով՝ ադրբեջանցի զինվորականները նպատակ են հետապնդել տապալելու Հայ Առաքելական եկեղեցու կարևոր հոգևոր արարողությունը։

Սրանով իսկ ադրբեջանական կողմը խախտել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որի համաձայն՝ հայ հավատացյալները կարող են մուտք գործել և հոգևոր արարողություններ իրականացնել Դադիվանքում», — իր ֆեյսբուքյան էջում գրել է Գեղամ Ստեփանյանը։

Վերջինս կրկին շեշտել է, որ հոգևոր-կրոնական իրավունքներն ու ազատություններն ամրագրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով և միջազգային այլ հիմնարար փաստաթղթերով, որոնց խախտումը ոտնձգություն է մարդու արժանապատվության, նրա իրավունքների և ազատությունների դեմ և հավելել. «Իրեն մշակութային և կրոնական բազմազանության երկիր հայտարարած Ադրբեջանը, անտեսելով միջազգային հանրաճանաչ նորմերը, անարգում, պղծում և ոչնչացնում է իր օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայ ժողովրդի մշակութային արժեքները, նպատակային կերպով մաքրում հայկական գրություններն ու հետքերը և արհեստականորեն խոչընդոտում հայ հավատացյալների մուտքը հոգևոր վայրեր»։

Դիտումների քանակը: 4184
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին