Արցախի Հանրապետությունում մի շարք ծանր հանցագործությունների համար, այդ թվում՝ 2014-ին դիվերսիայի և մարդասպանության համար դատապարտված, սակայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջի համաձայն Բաքվին հանձնված դիվերսանտ Շահբազ Գուլիևը, բողոքել է Ադրբեջանում իր կյանքից։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Գուլիևի խոսքով` նա դեռևս չի կարողացել հաշմանդամության թոշակ և վետերանի կոչում ստանալ, իսկ զբաղվածության ծառայությունը նրան առաջարկել է սանիտարական մաքրման աշխատանքներ կատարել, որի դիմաց նա 160 մանաթ աշխատավարձ կստանա։
Ցուցարարը նաև ասել է, որ շատ ծանր վիճակում է. «Իմ տան գազն ու լույսը կտրեցին։ Քանի որ 1 մանաթ չունեի, Մուշֆիգ բնակավայրից ոտքով եկա Բաքվի կենտրոն։ Արդեն 1 տարի 7 ամիս է, ինչ ապրում եմ շատ ծանր վիճակում…»։
Բողոքի ակցիան իրականացնելու փորձի ժամանակ ադրբեջանական ոստիկանությունը նրան սկզբից բերման է ենթարկել, այնուհետև ազատ արձակել։
Հիշեցնենք, որ արցախյան դատարանը Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման էր դատապարտել՝ մեղավոր ճանաչելով լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, անձի առևանգման և սպանության համար։
Թողնել պատասխան