Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահան Բադասյանի խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ միջնորդութուն է ներկայացվել։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջից տեղեկացնում է ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ես և «Բարգավաճ Հայաստանի» իմ գործընկերները, ինչպես նաև անկախ պատգամավորներ Արման Բաբաջանյանն ու Սոֆյա Հովսեփյանը միջնորդութուն ենք ներկայացրել Վահան Բադասյանի խափանման միջոց կալանքը վերացնելու, բայց այս դեպքում նման միջնորդության կարիքն անգամ չպիտի լիներ»,– գրել է Զոհրաբյանը` հայտնելով, որ այսօր Իվետա Տոնոյանի հետ ԱԱԾ մեկուսարանում հանդիպել են Վահան Բադասյանին։
Նրա խոսքով` Վահան Բադասյանը քաղբանտարկյալ է և ժամ առաջ պիտի լինի ազատության մեջ։
Զոհրաբյանը գրել է նաև, որ Բադասյանը, ով արցախյան բոլոր պատերազմների մասնակից է, և վերջին պատերազմի հենց առաջին օրից կռիվ է տվել ԱԹՍ-ներ՝ «բայրաքթարների» դեմ, ծանր վիրավորում է ստացել ու անզեն աչքով անգամ հստակ է, որ նրա ստացած վիրավորումն անհամատեղելի է կալանքի հետ։
«Վահանը մարտին պետք է ենթարկվի ևս մեկ բարդ վիրահատության, ու նման ծանր վիրավորում ստացած մարդուն կալանքի տակ պահելը միջազգային բոլոր կոնվենցիաներով հստակ խոշտանգում է, ինչի մասին ես արդեն տեղեկացրել եմ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին»,– հավելել է Զոհրաբյանը։
Թողնել պատասխան