Նախընտրական քարոզարշավի ընթացքում Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների վերադարձի հարցերը շահարկելն անթույլատրելի է` այն էլ խոսելով այլ մարդկանցով գերիների փոխանակումների ու փոխանակվելու պատրաստակամության մասին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Ակնհայտ է, որ նման բան տեղի ունենալ չի կարող, իսկ շահարկումները միայն ավելացնում են լարվածությունը երկրում և ավելի են բարդացնում գերիների վերադարձը. այդ կերպ ադրբեջանական իշխանությունների համար պարզապես բարձրացվում է գերիների վերադարձի «գինը»: Եվ, իհարկե, դա բացահայտ անհարգալից վերաբերմունքի է գերիների ու նրանց ընտանիքների անդամների, նրանց զգացմունքների նկատմամբ»,- նշել է Թաթոյանը` պահանջելով ամբողջությամբ դադարեցնել գերիներին վերադարձի հարցերի շահարկումը:
«Պետք է ոչ թե շահարկումներով բարդացնել գործընթացը, այլ իրական ջանքեր ներդնել Ադրբեջանում անօրինական գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձի համար»,- հավելել է պաշտպանը։
Հիշեցնենք, որ Փաշինյանն իր նախընտրական քարոզարշավում շոկային առաջարկ էր արել. «Որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց, պաշտոնապես ասում եմ, որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց: Ե՛վ Սերժիկ, և՛ Քոչարյան, որպես մարդ առնել-ծախելու մասնագետներ` ձեզ լիազորում եմ բանակցել այս գործով, մեջը մի քանի հազար դոլար որ աշխատեք, կարծում եմ` ձեր լափամանին շատ պատեհ ավելցուկ կլինի»:
Թողնել պատասխան