ՀՀ-ն ակնկալում է ՆԱՏՕ-ի աջակցությունը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Փաշինյան

ՆԱՏՕ

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և խաղաղ ձգտումներին։ Այդ մասին այսօր Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ճեպազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Մենք այսօր քննարկեցինք Հարավային Կովկասում կայունության կարևորությունը, սա կարևոր է եվրոատլանտյան անվտանգության համար, քանի որ մենք կանգնած ենք ավելի վտանգավոր աշխարհի առջև։ Հայստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնել տարիների հակամարտությունից հետո, ահա թե ինչու եմ ես երկու երկրներին կոչ անում համաձայնության հասնել , որն ուղի կհարթի հարաբերությունների կարգավորման և տևական խաղաղության համար»,– նշեց Ստոլտենբերգը։

Իր հերթին Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խաղաղության գործընթացը պետք է հիմնված լինի հայտնի և երկուստեք համաձայնեցված սկզբունքների հիման վրա, ինչպես նաև միանշանակ մերժի հարկադրանքի և սպառնալիքի քաղաքականությունը։

«Ստոլտենբերգին ներկայացրել եմ, որ 1991 թվականի Հայաստան–Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման, սպառազինությունների փոխադարձ վերահսկման, չհարձակվելու մասին պայմանագրի ստորագրման Հայաստանի առաջարկներին Ադրբեջանը մինչ օրս դրական արձագանք չի ստացել»,–ասաց Փաշինյանը։

Ստոլտենբերգը ողջունեց այն, որ ՀՀ–ն աշխատում է ամրապնդել ժողովրդավարական վերահսկողությունը ԶՈւ-ի նկատմամբ։ Նրա կարծիքով` Հայաստանը հանձնառություն է ցուցաբերել կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարական ինստիտուտներն ուժեղացնելու և իրավունքի գերիշխանությունը պահպանելու հարցում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հույս հայտնեց, որ ՀՀ–ն ու ՆԱՏՕ–ն կշարունակեն ամրապնդել գործընկերությունը` միասին աշխատելով ավելի մեծ խաղաղության, կայունության և բարեկեցության համար։

Հավելենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում է։ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը նախ այցելել է Ադրբեջան, երեկ Վրաստանում էր, իսկ այսօր այցելել է Հայաստան։ Բավքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը երկար տարիների հակամարտությունից հետո այսօր հնարավորություն ունեն հասնել կայուն խաղաղության։

Դիտումների քանակը: 3790
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին