«Հույս ունեմ, որ հրադադարը կլինի խաղաղության գործընթացին վերադառնալու սկիզբը». Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը այսօր Երևանում բացված «Մտքերի հայկական երկրորդ գագաթնաժողովի» ժամանակ հույս է հայտնել, որ հրադադարը կլինի խաղաղության գործընթացին վերադառնալու սկիզբը։

Հեռավար ձևաչափով անցկացվող գագաթնաժողովին մասնակցում են 500 ներկայացուցիչ աշխարհի տարբեր երկրներից՝ քաղաքական ու հասարակական գործիչներ, միջազգային կազմակերպությունների, համաշխարհային խոշոր ընկերությունների ղեկավարներ, հայտնի քաղաքագետներ ու վերլուծաբաններ:

«Այսօր մեր քննարկումները թերևս կկենտրոնանան երկու խնդրի վրա: Մեկը C-19-ն է՝ կորոնավիրուս-19-ը: Սակայն պետք է խոսենք նաև C-20-ի մասին, որը Կովկաս-20-ն է՝ այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում՝ Թուրքիայի ներգրավվածությամբ»,–ասել է Սարգսյանը։

Ինչ-որ առումով խորհրդանշական համարելով, որ գագաթնաժողովի քննարկումները սկսվում են ժամը 12:00-ին` նախագահը տեղեկացրել է, որ երեկ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները՝ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի միջնորդությամբ համաձայնության են եկել հաստատել հրադադար:

Նրա խոսքով` այս գործողությունները շարունակվում են արդեն շուրջ երկու շաբաթ և հարյուրավոր կյանքեր են խլել ու ավերածությունների պատճառ դարձել Լեռնային Ղարաբաղում։ Այնտեղ հարվածներ են հասցվել գյուղերի և քաղաքներին։

Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Մինսկի խմբի բոլոր նախագահներին՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանին՝ միջնորդելու և հրադադարի հասնելու համար։ Նա հատուկ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինին և արտգործնախարար Լավրովին:

Հիշեցնենք, որ «Մտքերի հայկական երկրորդ գագաթնաժողովը» նախատեսվում էր անցկացնել Դիլիջանում՝ այս տարվա հոկտեմբերի 10-11-ը, «Արհեստական բանականությունը և աշխարհաքաղաքականությունը» թեմայով։ Սակայն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով Հանրապետության նախագահը միջազգային իր գործընկերներին առաջարկել և նրանց համաձայնությամբ փոխել է թե՛ գագաթնաժողովի ձևաչափը, թե՛ օրակարգը:

Դիտումների քանակը: 4532
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին