Կովկասում օտարերկրյա ուժերի ներկայությունը տարածաշրջանի երկրների ընդհանուր մտահոգությունն է, և Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է տարածաշրջանում ցանկացած օտարերկրյա ուժերի տեղակայմանը: Հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում։ Այդ մասին հայտնում են Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ Բայրամովը ևս, անդրադառնալով տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությանը, «պաշտպանել է այդ հարցում Իրանի դիրքորոշումը»։ Նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը:
«Անդրադառնալով վերջերս կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձություններին՝ Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու անհրաժեշտությունը և այդ մոտեցումը համարել է Իրանի Իսլամական Հանրապետության մշտական քաղաքականությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել մի շարք հարցերի, այդ թվում՝ երկկողմ օրակարգի այլ հրատապ հարցերի շուրջ:
Թողնել պատասխան