Թբիլիսիում քննարկվել է Արցախից բանակի դուրսբերման հարցը

Պետք է բոլոր ջանքերը ուղղվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելուն: Այդ մասին հայտնում են Ադրբեջանի արտգործնախարարությունից` պարզաբանելով Թբիլիսիում կայացած Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպմանը։

«Այս համատեքստում ընդգծվել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ Ադրբեջանի տարածքից հայկական զինված ուժերի դուրսբերման վերաբերյալ», — ասված է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։

Համաձայն աղբյուրի, անդրադառնալով հումանիտար խնդիրներին, ընդգծել է նաև «մոտ 4000 անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերը պարզելու կարևորությունը»։

Ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության, Արարատ Միրզոյանն էլ հանդիպման ընթացքում վերահաստատել է, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը։

Հանդիպմանը հաջորդած հայկական կողմի տարածած հաղորդագրության համաձայն Հայաստանի ԱԳ նախարարը շեշտել է, որ տարածաշրջանային կայունության և անվտանգության հաստատման համար կարևոր են հրադադարի ռեժիմի պահպանումը, Ադրբեջանում դեռևս պահվող ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձումը, ինչպես նաև հայատյաց և ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելը։

Հատկանշական է, որ ոչ մի խոսք չկար պաշտոնական Երևանի նախկին պնդումների մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը անօրինական գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը դրական է գնահատել Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

«Ուղղակի երկխոսությունն ադրբեջանական և հայկական տարաձայնությունների լուծման ամենակարճ ճանապարհն է»,–  իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Բլինկենը։

Նշենք նաև, որ շուրջ 3 ժամ տևած հանդիպումից հետո Երևանը և Բաքուն որևէ կոնկրետ պայմանավորվածության մասին չեն հաղորդում։

Դիտումների քանակը: 4274
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին