Կալանավորվել է Խծաբերդի հրամանատարներից մեկը

Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է։ Այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրությունում նշվում է, որ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա ՀՀ–ում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020թ. դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղում տեղակայված մարտական դիրքն ինքնակամ թողնելու, պետի օրինական և սահմանված կարգով տրված հրամանը չկատարելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու (որի հետևանքով գերեվարվել են գումարտակի անձնակազմի 62 զինծառայողները և որոնց մի մասին արդեն վերադարձրել են հայրենիք), ինչպես նաև՝ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու և կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի շտաբի պետ, փոխգնդապետ Ա.Ղ.-ին (ներկայումս գտնվում է ՀՀ ՊՆ կադրերի ռեզերվում)։

Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը սեպտեմբերի 14-ին բավարարվել է: Մեղադրյալը կալանավորվել է և տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկ։

Ա.Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 3-րդ մասով (ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում հրաման չկատարելը), 376-րդ հոդվածի 3-րդ մասով (ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) 380-րդ հոդվածի 1-ին մասով, (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը), 361-րդ հոդվածի 7-րդ մասով, (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) և 311-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք ստանալը)։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Դիտումների քանակը: 4186
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին