Կալանավորվել են արցախցիներ` զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով

Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով կալանավորվել են արցախցի 30-ամյա Գոռ Հ.–ն և 21-ամյա Մխիթար Օհանջանյանը։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Մխիթար Օհանջանյանը հոկտեմբերի 24-ից հետախուզման մեջ էր և նրան հոկտեմբերի 27-ին հայտնաբերել են Արշակունյաց պողոտայում։

Նույն մեղադրանքով կալանավորված է նաև 30-ամյա Գոռ Հ.–ն, ով հետախուզման մեջ է եղել հոկտեմբերի 18-ից։ Վերջինս հոկտեմբերի 27-ին բերման է ենթարկվել Բաբայան փողոցից։

Նշենք, որ խոսքը սեպտեմբերի 19-ին Արցախում ադրբեջանական ԶՈւ–ի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի ֆոնին Երևանում տեղի ունեցած ցույցերի մասին է։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այցելել է «Արմավիր» ՔԿՀ, որտեղ պահվում է Մխիթարը։ Մանուկյանը նշել է, որ Մխիթարի հագին իր աշխատանքային հանդերձանքն է եղել, քանի որ իրավապահները նրան անմիջապես աշխատավայրից են տարել։

«Ոստիկանները մինչ այդ այցելել են Մխիթարի աշխատավայր, հետաքրքրվել նրանով, աշխատանքային ղեկավարն էլ երիտասարդին բնորոշել է իբրև բարեխիղճ աշխատող։ Մինչ առևանգումը Մխիթարին ոչ մի անգամ չեն կանչել հարցաքննության, ծանուցագիր չեն ուղարկել, թեև հեշտությամբ, ցանկության դեպքում, քննիչները կարող էին դա անել»,– գրել է Մանուկյանը` հավելելով, որ Մխիթարը մինչև վերջերս ծառայել է Արցախում, ընտանիքը Հադրութի Տումի գյուղից է, բայց 2020 թվականին ստիպված են եղել լքել այն։

Նա գրել է, որ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանք է առաջադրվել ևս 2 անձի` Մանվել Պետրոսյանին ու Սամվել Միրզոյանին, որոնք նույնպես արմատներով Արցախից են։ Վերջինս, ի դեպ, անչափահաս է։ Դատարանն այժմ քննում է կալանքի միջնորդության հարցը։

Հիշեցնենք` հոկտեմբերի 20-ին Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ ինքնաբուխ հավաք էր։ Ակցիայի մասնակիցները Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանից պահանջում էին մանրամասնել հոկտեմբերի 19-ին ստորագրած հրամանագիրը, համաձայն որի` հոկտեմբերի 1-ից ԱՀ բոլոր պետաշխատողները, բացի իշխանության մարմինների առաջին դեմքերից ու որոշ կառույցների աշխատակազմերի ղեկավարներից, ազատվել են աշխատանքից` առանց աշխատավարձ ստանալու։

Հիշեցնենք, որ հենց այդ օրն էր, որ ակցիայի մասնակիցներից ոմանք մարմնական վնասներ են հասցրել արցախցի պաշտոնյա Կարեն Շահրամանյանին։

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցեց բողոքի ակցիայի մասնակիցների հետ, սակայն ոմանք գոհ չմնացին հանդիպման արդյունքներից ու նախագահի` իրենց տրված պատասխաններից։

Լարված մթնոլորտը փորձում էին կարգավորել իրավապահները։ Հավաքի 10 մասնակիցներ ձերբակալվեցին։

Դիտումների քանակը: 4268
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին