Սիմոնյանը Բերձորի հարցով դիմել է 30-ից ավել գործընկերների

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լաչինի [Բերձորի] ճգնաժամի վերաբերյալ պաշտոնական նամակով դիմել է 30-ից ավելի երկրների խորհրդարանների ղեկավարներին և միջազգային խորհրդարանական կազմակերպությունների նախագահներին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։

Գրության մեջ, մասնավորապես, շեշտադրվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ գտնվող Լաչինի [Բերձորի]  միջանցքի արգելափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում է Ադրբեջանի կողմից։

Նշվում է, նաև որ շրջափակման մեջ է գտնվում 120.000 հայ, և որ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամն օրեցօր խորանում է:

«Թերսնուցման վտանգը գնալով ավելի շոշափելի է դառնում: 41 մանկապարտեզ և 20 դպրոց փակ են: Հազարավոր երեխաներ զրկված են կրթության իրավունքից: Ավելին՝ այս շրջափակումը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ տեղաշարժին: Առնվազն 1.100 խաղաղ բնակիչ վերջին շաբաթների ընթացքում մնացել է արգելափակված մայրուղու երկայնքով՝ չկարողանալով վերադառնալ իրենց տները»,- ասվում է պաշտոնական նամակում:

Շրջափակման հետևանքով Հայաստանում են մնացել 270 անչափահաս, որոնց ծնողներն Արցախում են:

ՀՀ ԱԺ նախագահը նաև տեղեկացրել է, որ այսօր Լեռնային Ղարաբաղն ապրում է մեկուսացման պայմաններում՝ էլեկտրաէներգիայի ծայրահեղ պակասով, առանց կյանքի համար կենսական նշանակություն ունեցող ծառայությունների և ապրանքների հասանելիության:

«Այս պաշարումը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման հետևողական քաղաքականության վառ շարունակություն»,- ասվում է գրության մեջ:

Նամակում հիշատակվում է, որ մի շարք կառավարություններ, ներառյալ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, Եվրոպական միության, Եվրոպական խորհրդարանի և բազմաթիվ ազգային խորհրդարանների, ՄԱԿ-ի, իրավապաշտպան կազմակերպությունների, ցեղասպանության հարցերով զբաղվող նշանավոր միջազգային կազմակերպությունների հետ միասին, դատապարտել են այս անօրինական և թշնամական գործողությունը և կոչ արել անհապաղ ու անվերապահորեն ապաշրջափակել միջանցքը:

«Եվս մեկ անգամ ընդգծելով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կառուցելու հայկական կողմի վճռականությունը՝ կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել ԼՂ–ում ծավալվող ծանր իրավիճակը կանխելու համար, ներառյալ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը»,- ասված է նամակում:

ՀՀ ԱԺ-ից հիշեցնում են նաև, որ սա Ալեն Սիմոնյանի 2-րդ նմանատիպ պաշտոնական նամակն է միջազգային գործընկերներին: Վերջինս այս հարցով դիմել էր նաև 2022 թվականի դեկտեմբերի 14-ին «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» ՀՀ ԱԺ հայտարարության ընդունումից հետո:

Դիտումների քանակը: 3913
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին