Կայացել է Ռիքերի հանդիպումը Փաշինյանի հետ

25992_b

Կայացել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։

Համաձայն ՀՀ վարչապետի մամուլի ծառայության հայտնած տեղեկության Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-ամերիկյան համագործակցության զարգացումը և նշել, որ այցը լավ հնարավորություն է երկկողմ հարաբերությունների օրակարգն ու հեռանկարները քննարկելու համար:

Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը կարևոր գործոն է տարածաշրջանային անվտանգության համար, քանզի հայ ժողովրդի անվտանգային մարտահրավերները վերջին 100 տարում չեն փոխվել, և Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմը դա ցույց տվեց, քանի որ այս պատերազմում ներգրավված էին նույն դերակատարները, որոնք ներգրավված են եղել Հայոց ցեղասպանության կազմակերպման և իրագործման գործում:

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը նշել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան և ուրախ է գտնվել Երևանում, հայ գործընկերների հետ քննարկել երկկողմ հարաբերությունները: Ֆիլիպ Ռիքերը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ողջույնները և վերահաստատել Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը:

Ամերիկացի պաշտոնյան բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված գործընթացները և նշել է, որ ամերիկյան կողմի պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում տիրող իրավիճակին: Երկուստեք նշվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարության կարևորությունը և լարվածության թուլացման համար քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Արցախի հարցի համատեքստում ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է՝ հայկական կողմի դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի շրջանակում, համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա:

Նիկոլ Փաշինյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է գերիների, պատանդների և պահվող այլ անձանց շուտափույթ վերադարձի և ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված միավորների անհապաղ դուրսբերման անհրաժեշտության վրա:

Կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության օրակարգի հարցեր:

Դիտումների քանակը: 4255
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին