Խորապես մտահոգված ենք հացադուլ հայտարարած Արցախի երկու բնակիչների առողջական վիճակով

84959542_3077707358916350_7645890798835204096_o

“Սասնա Ծռեր” արցախյան կուսակցությունը, լինելով Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունների նկատմամբ վերկուսակցական դիրքորոշում ունեցող քաղաքական ուժ, նախաձեռնել է վերջին տասնօրյակում հանրային մեծ հնչեղություն ստացած հացադուլի ու վերահաս բնապահպանական աղետի վերաբերյալ քննարկում:

Քննարկմանը մասնակցել են՝ «Անկախության սերունդ կուսակցություն», «Ազգային Վերածնունդ կուսակցություն»,
«Միացյալ Հայաստան», «Մեր տունը Հայաստանն է», «Վստահություն» կուսակցությունների, «Արցախի պառլամենտականների ասոցիացիա» ,«Միացյալ Հայաստան», «Վեկտոր» ՀԿ-ների ներկայացուցիչները, ինչպես նաև
քաղաքագետ Դավիթ Կարաբեկյանը, հասարակական գործիչներ Հասմիկ Առուշանյանը, Համլետ Գրիգորյանը,
երիտասարդ ակտիվիստներ Իգոր Բեցկովն ու Շուշանիկ Հայրիյանը, arcakh24.info-ի ներկայացուցիչ, խմբագիր Մարատ Եգանյանը, ովքեր քննարկման արդյունքում հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.
“Խորապես մտահոգված լինելով արցախցի երկու հացադուլավոր քաղաքացիների` Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանեանի և Ստեփանակերտի բնակիչ Մհեր Պողոսյանի առողջական վիճակով և գիտակցելով, որ նրանք իրենց վրա են վերցրել բոլորիս անհանգստացնող բնապահպանական լրջագույն խնդիրների լուծումը` մենք` ներքոստորագրյալներս, հանդես ենք գալիս համատեղ հայտարարությամբ և կոչ ենք անում.
1. Արցախի իշխանություններին` ի դեմս Բակո Սահակյանի, սթափ գնահատել իրավիճակը և ժամ առաջ խելամիտ ջանքեր գործադրել անդառնալի հետևանքներից խուսափելու համար: Հաշվի առնելով հանրության լայն շրջանակներում առկա անվստահությունն Արցախի ներկայիս կառավարության գործունեության նկատմամբ` առաջին քայլով պահանջում ենք իրապես անկախ փորձագիտական հանձնաժողովի ձևավորում` բնապահպանության ոլորտի հայաստանյան հեղինակավոր մասնագետների ընդգրկմամբ:
2. Միաժամանակ կոչ ենք անում Արցախի բնակչության անվտանգության երաշխավորը հանդիսացող ՀՀ իշխանությանը չանտեսել խնդիրը և գործուն մասնակցություն ունենալ իրավիճակի արդյունավետ հանգուցալուծման հարցում հնարավորինս սեղմ ժամկետներում:
3. Խորապես երախտապարտ լինելով երկու հացադուլավորներին քաղաքացիական խիզախություն և կամք դրսևորելու համար, վստահեցնում ենք, որ բարձրացված խնդիրը գտնվում է հանրային օրակարգում, ուստի եղբայրաբար խնդրում ենք դադարեցնել հացադուլը: Ձեր ֆիզիկական ներկայությունն ինքնին համազգային խնդիրների լուծման հարցում չափազանց կարևոր է:
4. Հաշվի առնելով անկախ փորձագետների բացակայությունն Արցախում` կոչ ենք անում հայաստանյան բնապահպանական ոլորտի հեղինակավոր և անկողմնակալ մասնագետներին անտարբեր չլինել ստեղծված իրավիճակում, շահագրգիռ մասնակցություն ունենալ հանձնաժողովի աշխատանքներում և փորձագիտական եզրակացության ձևավորման գործում:
Մեր հերթին պարտավորվում ենք շարունակել երկու քաղաքացիների սկսած արդար պայքարը և սկզբունքորեն հետամուտ լինել հնչեցված պահանջների կատարմանը: Հավաստիացնում ենք, որ պատրաստ ենք կիրառել օրինական պայքարի հնարավոր բոլոր միջոցները նպատակին հասնելու համար` ընդհուպ մինչև խմբային հացադուլ:
Հ.Գ. այսօր հունվարի 21-ին հայտարարված հացադուլի 13-րդ օրն է, և ամեն ժամ հղի է անդառնալի հետևանքներով: Կոչ ենք անում ժամ առաջ խնդրին լուծում տալ:

Կոչին կարող են միանալ բոլոր ցանկացողները”:

Դիտումների քանակը: 4332
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին