Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ կողմերն անդրադարձ են կատարել նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին:

Մասնավորապես, ընդգծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը:

Աղբյուրը հայտնում է, որ զրուցակիցները նաև շնորհավորել են միմյանց Հայաստանի և Ռուսաստանի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյա հոբելյանի առիթով, որը լրանում է այսօր:

Կողմերը համոզմունք են հայտնել, որ այսուհետ ևս հայ-ռուսական դաշնակցային փոխշահավետ հարաբերությունները տարբեր ոլորտներում կշարունակեն արդյունավետ կերպով զարգանալ ու ամրապնդվել: Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր են փոխանակել հայ-ռուսական օրակարգային մի շարք հարցերի շուրջ:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Այսօր շատ կարևոր օր է Ռուսաստանի և Հայաստանի համար. 25 տարի առաջ մեր երկու երկրների միջև բարեկամության պայմանագիր է ստորագրվել, և այսօր օրվա երկրորդ կեսին նախագահ Պուտինն այդ կապակցությամբ հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ»,- ասել է Պեսկովը:

Դիտումների քանակը: 3903
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին