Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմը վտանգված է, քանի որ Բաքուն նոր հարձակում է նախապատրաստում։ Այդ մասին Ֆրանսիայի նախաձեռնությամբ հրավիրված ՄԱԿ–ի ԱԽ նիստում հայտարարել է ՄԱԿ–ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։
«Հավաստի տեղեկություններ են ստացվում, որ Ադրբեջանը մտադիր է ընդլայնել հարձակման աշխարհագրությունը, այդ թվում Նախիջևանի կողմից, իր նպատակին հասնելու և Հայաստանով էքստերիտորիալ միջանցք բացելու համար»,– նշել է Մարգարյանը` հավելելով, որ սովորության համաձայն ադրբեջանական կողմը հայտարարելու է, որ իբր այդ ամենը տեղի է ունեցել ի պատասխան «Հայաստանի սադրանքներին»։
«Այստեղ պետք է նկատել, որ շահարկումները միշտ էլ Ադրբեջանի գործելաոճն են եղել, դրա համար այդ երկիրը մշտապես համառորեն դիմադրել է հրադադարի խախտումները հետաքննելու վերաբերյալ ցանկացած նախաձեռնության», – հիշեցրել է Մարգարյանը։
Նա հիշեցրել է, որ Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի և Սոթքի, ինչպես նաև տասնյակ գյուղերի ինտենսիվ գնդակոծությունների հետևանքով 2750 մարդ է տարհանվել, այդ թվում` 370 երեխա և 55 հաշմանդամություն ունեցող անձինք։
«Հատկապես առանձնանում է Ջերմուկ քաղաքի գնդակոծությունը, որտեղ որևէ ռազմական թիրախ չկա։ Նույնը կարելի է ասել Կեչուտի ջրամբարին հասցված հարվածների մասին։ Ինչպես մեկը, այնպես էլ մյուսը ոչ այլ ինչ է, քան ռազմական հանցագործություն»,– հավելել է Մարգարյանը։
Թողնել պատասխան