Մարտակերտի քաղաքապետը ձերբակալվել է։ Ստեփանակերտի քաղաքապետի տունը խուզարկվում է

Արցախի Հանրապետության Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին մեղադրում են «խարդախությամբ խոշոր չափերով հափշտակության և փաստաթղթեր կեղծելու» համար։ Նման հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

Ըստ ՔԿ հաղորդագրության՝ մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ից քննչական կոմիտե ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Նախաքննությամբ պարզվել է, որ Մ. Շ-ն և Վ. Ս-ն նախնական համաձայնությամբ՝ խմբով, այլ անձի (անձանց) սեփականության իրավունքով պատկանող, խոշոր չափերով՝ 1.935.000 ՀՀ դրամ արժողության «CHEVROLET LACETTI-1.4» մակնիշի (2010 թվականի թողարկման) թեթև մարդատար ավտոմեքենան խաբեությամբ հափշտակելու դիտավորությամբ 2024 թվականի հունվարի 12-ին միասին ներկայացել են ավտոմեքենայի օտարման գործարք կատարելու պետական մարմին, որտեղ Վ. Ս-ն, ներկայացնելով կեղծ տեղեկություններ վերոգրյալ ավտոմեքենան օտարելու լիազորություն ունենալու մասին, առանց օրինական հիմքի հանդես գալով պայմանագրի կողմեր՝ Վ. Ս-ն որպես նվիրատու, իսկ Մ. Գ-ն (Միշա Գյուրջինյան,–խմբ.)՝ նվիրառու, կազմել են իրավաբանական նշանակության փաստ հավաստող կեղծ փաստաթուղթ՝ նվիրատվության պայմանագիր»,- տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Արդյունքում ավտոմեքենան ապօրինի օտարվել է Միշա Գյուրջյանին՝ այդ կերպ խաբեությամբ հափշտակելով 1.935.000 ՀՀ դրամ արժողությամբ «CHEVROLET LACETTI-1.4»-ը։
ՔԿ-ից շեշտում են, որ Միշա Գյուրջյանը, նախնական համաձայնությամբ, խմբի հետ կեղծել է փաստաթուղթ և կատարել խոշոր չափերով գույքի հափշտակություն:
Ձեռք բերված տվյալների հիման վրա նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ (խարդախություն) հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 457-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) հոդվածի 2-րդ մասով։
Այս պահին Գյուրջյանը ձերբակալվել է:

ՀՀ ՔԿ-ից հայտնում են, որ նախաքննությունը շարունակվում է։

Հավելենք նաև, որ բերման էր ենթարկվել նաև ԱՀ Ասկերանի շրջանի ղեկավար Հայկ Շամիրյանը։

ԱՀ նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի փոխանցմամբ այս պահին խուզարկվում է նաև Ստեփանակերտի քաղաքապետի տունը։

Դիտումների քանակը: 3915
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին