Արցախից բռնի տեղահանվածների թոշակների համար ՀՀ պետբյուջեում գումար կավելացվի

Բռնի տարհանում

Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանվածների թոշակների ու նպաստների վճարման համար լրացուցիչ 30 մլրդ դրամ կավելացվի։ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում եկող տարվա ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այդ մասին նշել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը ընդգծեց, որ ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված ծախսերը ներառված չեն 2024թ. պետական բյուջեի նախագծում, քանի որ ՀՀ կառավարությունը բյուջեն հաստատել էր սեպտեմբերի վերջերին` մինչ տեղահանությունը։

«Այդ օրերին մենք ժամանակ չունեինք, որ նոր ծրագրեր նախագծեինք, քանի որ հստակ պատկեր չկար մարդկանց քանակի և իրավիճակի վերաբերյալ։ Այդ պատճառով մենք որոշեցինք, որ բյուջեի 2-րդ ընթերցմամբ քննարկման ժամանակ կներկայացնենք այդ հավելյալ ծախսերը։ Որպես նախնական տեղեկություն ասեմ, որ 2-րդ ընթերցմամբ քննարկման ժամանակ թոշակների ու նպաստների ծախսերը կներառենք, որը մեր կենսաթոշակային ծախսերը կավելացնի մոտ 30 մլրդ դրամով»,– նշել է պաշտոնյան։

Նա նաև տեղեկացրել է, որ վաղը ՀՀ կառավարությունում կհաստատեն «ՀՀ կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունները, որը ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը հնարավորություն կտա ԼՂ–ից տեղահանվածների թոշակները վճարել այն չափով, որքան իրենք ստացել են Արցախում։

Բացի այդ, ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024թ. իրականացնել նաև աշխատունակ տարիքի մարդկանց համար վերապատրաստումների և աշխատանքի տեղավորման ծրագրեր, ինչպես նաև բնակարանային ապահովության ծրագրեր։

Ըստ նրա` այս ամենը մշակման փուլում է գտնվում։ Հովհաննիսյանը վստահեցրեց` եթե չհասցնեն մինչև բյուջեի ընդունումն իրականացնել նախատեսված ծրագրերը, ապա այդ գումարները կնախատեսեն պահուստային ֆոնդից, որտեղից էլ տարվա ընթացքում հատկացումներ կլինեն։

Դիտումների քանակը: 4145
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին