Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ հարվածի տակ

загружено (1)

«Թավշյա հեղափոխությունից» հետո վերջին բանը, որ Հայաստանին պետք է, հետագա սոցիալական հուզումների շարունակությունն է: Ժողովրդական ընդվզումը, որը Նիկոլ Փաշինյանին բերեց իշխանության, դեռեւս դիվիդենդներ չի բերել: Հանրությունը դեռեւս իր ամենօրյա կյանքում ոչ մի փոփոխություն չի տեսնում՝ բացի հեղափոխության առաջացրած էյֆորիայից: Եթե սպասումները ժամանակին չիրականացվեն, էյֆորիան կարող է վաղանցիկ լինել, նշված է The Armenian Mirror Spectator-ում հրապարակված հոդվածում:

«Հայաստանի ներքին խնդիրները պետք է դիտարկվեն տարածաշրջանային քաղաքական համատեքստում, ինչը նվազագույնը խառնաշփոթի է հանգեցնում:

Հարեւան Թուրքիայում վերջերս Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակը երկրի սահմաններից անդին հասնող հետեւանքներ ունի: Հաղթանակից հետո Էրդողանն անմիջապես ուղեւորվեց Բաքու՝ կիսելու Կովկասից ինչեւ Միջին Ասիա պանթուրքական երազանքները: Նույն կերպ վարվեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, որը կրկնեց թյուրք ժողովուրդների միավորման կոչը: Որքան էլ տարօրինակ է, Ղազախստանը պետք է լինի Հայաստանի ռազմավարական դաշնակիցը՝ հաշվի առնելով անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը:

Այս բոլոր իրադարձությունները բերեցին Նախիջեւանում զորքերի կենտրոնացման մեծացմանը, որտեղ թուրքական գլխավոր շտաբը ծրագրում է առաջիկայում 7 զորավարժություն անցկացնել:

Իրավիճակն ավելի է խորանում Հայաստանի նոր իշխանության քաղաքական մտադրությունների վերաբերյալ Մոսկվայի կասկածներով: Արդեն իսկ Ադրբեջան է այցելել ռուսական պատվիրակությունը եւ Հայաստանին հարված հասցրել ղարաբաղյան հարցում իր դիրքորոշման պատճառով: Օդում առկա է քաղաքական լարվածություն՝ հիշեցնելով 1990-ական թվականները, երբ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարությունը որոշեց Մոսկվայից հեռանալ, իսկ Ռուսաստանն ի պատասխան զենք ուղարկեց Ադրբեջան եւ նրան ռազմավարական աջակցություն ցուցաբերեց, որը գրավեց Ղարաբաղի գրեթե երկու երրորդը, մինչեւ հայկական կողմը ուշքի եկավ, վերադարձավ նախկին դիրքորոշմանը, հետ նվաճեց այդ տարածքը եւ 1994 թվականի մայիսի 12-ին հրադադարի մասին համաձայնագիր կնքեց:

Հետաքրքիր է՝ ով է Հայաստանում ուշադրություն դարձնում այն աղաղակող իրադարձությանը, երբ ցուցարարները փողոց են դուրս գալիս՝ պահանջելով նոր Հայաստանում նոր հայրապետ: Նրանց թիվը եւ կոչերը կարելի էր հեշտորեն անտեսել, եթե չլիներ այս անկարգությունների նկատմամբ կառավարության երկիմաստ դիրքորոշումը:

Դժգոհ հոգեւորական հայր Կորյուն Առաքելյանը, որը նորին Սրբության կողմից կարգալույծ արվեց, միացել էր ցուցարարներին, որոնք առաջին անգամ հավաքվել էին Երեւանի կենտրոնում սբ. Աննայի եկեղեցու բակում, այնուհետեւ ուղեւորվեցին Էջմիածին՝ պահանջելով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը: Մի քանի կայքեր նույնպես միացան նրանց՝ հրապարակելով Կաթողիկոսի մասին վրդովեցուցիչ պատմություններ:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ շարժումը բարձրակետին հասավ նրա ուղեւորության ընթացքում Վայքի մարզի եկեղեցիներից մեկը: Մի խումբ մարդիկ շրջապատեցին նրա ավտոմեքենան եւ ստիպեցին մեքենայից իջնել: Այնուհետեւ սկսեցին նրան վիրավորել՝ բղավելով անվայելուչ կարգախոսներ եւ պահանջելով նրա հրաժարականը:

Այս տեսարանը նողկանք է հարուցում ցանկացած սթափ դատող մարդու մոտ: Այդ կարգախոսները եւ ընդհանուր պահվածքը կարելի է նկարագրել որպես ավազակների պահվածք:

Այս իրադարձությունների ընթացքում ոստիկանությունն անգործության էր մատնված՝ ստանձնելով անցորդի դերը: Ավելի ուշ տեսանյութը դիտելով՝ վարչապետ Փաշինյանը համաձայնել է, որ ոստիկանությունն իրեն չի պահել ինչպես պետք է, սակայն հետո նա պետական գործչին ոչ արժանի հայտարարություն հրապարակեց: Նա ասաց, որ իրավիճակը հսկողությունից դուրս չի եկել: Եթե դրան հասնի, ապա կառավարությունը կգործի:

«Այդուհանդերձ», նրա կարծիքով, «այս հարցը դեռեւս հհրապարակային չի դարձել եւ կառավարության դիրքորոշումն արտահայտելու անհրաժեշտություն չկա»: Նրա առավելապես ցուցադրական հայտարարությունը հանգում էր նրան, որ ինքն «այդ ոլորտի մասնագետ չէ, ուստի կարող է սխալվել»:

Երբ Կաթողիկոսի կյանքը վտանգված է, նա, բնականաբար, սխալվում է, եւ սխալվում են մոլորության մատնված այն մարդիկ, որոնք Կաթողիկոսին շփոթում են գեներալ Մանվել Գրիգորյանի եւ նրա ընտանիքի հետ:

Մի հոգեւորական՝ հայր Ասողիկը Էջմիածնում ասաց, որ եթե կառավարությունը Կաթողիկոսին չպաշտպանի, ապա դա կանի հոգեւորականությունը:

Կաթողիկոսի ընտրությունները միակ դեպքն է, երբ սփյուռքն ու Հայաստանը միավորվում է Ազգային եկեղացական ժողովին կաթողիկոսին ընտրելու համար։ Այդ պատճառով նա տեխնիկապես համարվում է 10 միլիոն հայերի հոգեւեր առաջնորդը։ Սակայն ցուցարարները պնդում են, որ ամբողջ հայ ազգը չի սիրում նրան։ «Դուք պետք է հեռանաք»,-ասում են նրանք։ Հետաքրքիր է՝ ով այդ մարդկանց լիազորել ներկայացնել ամբողջ հայ ազգին։

Այս շարժումը մշակվել է հանցագործների կողմից, որ սեպ խրեն հայրենիքում բնակվող 3 միլիոն հայերի եւ մնացած 7 միլիոնի միջեւ, որոնք ապրում են սփյուռքում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղմ դիրքորոշումը այս հարցում արտացոլում է նախորդ ռեժիմի հանդեպ վերաբերմունքը, չնայած նա հայատարարել էր, որ վենդետա չի լինելու։ Նա նախկինի պես կաթողիկոսին կապում է նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հանցագործ կլանի հետ, հասկանալով, որ կաթողիկոսը չունի իշխանություն եւ ընտրություն, բացի վարչակազմի հետ համագործակցելը։ Փաշինյանը այս մասին ուղիղ չի խոսում, բայց նրա փոխարեն դա անում են ցուցարարները։

Այս շարժումն ուղղված է ոչ միայն անձնապես կաթողիկոսի դեմ, այլ նաեւ Սուրբ Էջմիածնի, որ խաթարեն նրա հեղինակությունն ու ապակայունացնեն եկեղեցին, քանի որ Հայ առաքելական եկեղեցին համարվում է ուժեղագույն կառույցներից մեկը, որն ունակ է միավորել հայ ժողովրդին։

Այս բողոքական շարժման սկսվելուց առաջ ենթադրություններ եղան առ այն, որ դրանում ներգրավված են օտարերկրացի աղանդներ ու գործակալություններ։

Ցուցարարները հերքել են դա։ Սակայն, վերջերս պարզվել է, որ մասնակիցներից մեկը՝ Կարեն Պետրոսյանը կապված է Բաց հասարակություն հիմնադրամի հետ, որը ֆինանսավորվում է Սորոսի հիմնադրամի կողմից։ Մասնավորապես, նրա «Կոմպաս» ՀԿ-ն այնտեղից ֆինանսավորում է ստացել բարեգործական նպատակներով։ Թվում է՝ այդպիսի «բարեգործական նպատակներից» է հայկական եկեղեցու տապալումը։

Կարեն Պետրոսյանի հետ կապված իրավիճակը ունի հետագա զարգացումներ, որը բարդացնում է խնդիրը եւ ենթադրում է այլ ուժեր։ Վերջերս նա նշանակվել է Գյումրու պետական կրթական ինստիտուտի տնօրեն։ Հարցին՝ նրան պաշտոնը առաջարկել են որպես կաթողիկոսի դեմ շարժման պարգեւատրում, նա բացասական է պատասխանել եւ նշել, որ դա կապված է եղել այն հանգամանքի հետ, որ ինքը «պրոֆեսիոնալ» է։ Մնում է պարզել, որն է նրա «պրոֆեսիան»՝ բացի օտարերկրյա գործակալ լինելուց։

Էջմիածնի շուրջ իրավիճակը լարված է։ Մայր Աթոռը շատ վարչական եւ աստվածաբանական ճգնաժամեր է ապրել։ Այս դեպքում որոշակի է քաղաքական շարժառիթը։

Ներկայումս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հարվածի տակ է։

NEWS.am

 

 

Դիտումների քանակը: 4556
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Georgy Gazaryan