Քաղաքական գործիչները պետք է հասկանան, որ հոգեկան առողջության խնդիրները կարող են ծանրագույն փորձություն դառնալ ցանկացած մարդու կյանքում և հոգեկան և մտավոր հաշմանդամություն ունեցող անձինք կարիք ունեն աջակցության և նրբանկատության: Այս մասին ահազանգում է Հայկական հոգեբուժական ասոցիացիան իր ֆեյսբուքյան էջից տարածած ուղերձում, որում դատապարտում է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում խարանավորող արտահայտությունների գործածումը։
Հոգեբույժները կոչ են անում զերծ մնալ պիտակավորող արտահայտություններից ու դրսևորել առավելագույն հարգանք հոգեկան առողջության խնդիրների նկատմամբ։
«Երկրում օրեցօր շիկացող քաղաքական իրավիճակը բերել է հանրային դիսկուրսի լարվածության աճի, ինչի հետևանքով հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող անձանցից շատերի կողմից վերջին օրերին թույլ են տրվում մարդու արժանապատվությունը վիրավորող, ակնհայտորեն բռնություն քարոզող և լսարանի հոգեկան առողջության վրա բացասական ազդեցություն ունեցող արտահայտություններ։ Սրան զուգահեռ օգտագործվում են բազմաթիվ ձևակերպումներ և գնահատականներ, որոնք հոգեկան և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց համար կրում են խարանավորող, հեգնող, վիրավորական կամ քննադատական բնույթ»,– ասվում է ասոցիացիայի տարածած ուղերձում ու հավելում, որ և համաձայն գործող օրենսդրության, և բարոյական նորմերով, առողջությունը, ներառյալ հոգեկան առողջությունը, մարդու անօտարելի իրավունքներից են և ցանկացած հանրային գործիչ, կամ այդպիսին լինելուն հավակնող մարդ, պարտավոր է հարգել այդ իրավունքը:
Հայկական հոգեբուժական ասոցիացիան խստորեն դատապարտում է խարանավորող արտահայտությունների գործածումը և կոչ է անում հոգեկան առողջության խնդիրներին անդրադարձի դեպքում դրսևորել առավելագույն հարգանք և զերծ մնալ տարատեսակ պիտակավորող արտահայտություններից։
Թողնել պատասխան