Միրզոյանն ու Աբդոլլահիանն անդրադարձել են Բերձորի խնդրին

ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր Ժնևում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից` հավելելով, որ հանդիպմանը նաև մտքեր են փոխանակվել տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցերի շուրջ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ծանր իրավիճակին։

«Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից առանց նախապայմանների Լեռնային Ղարաբաղի շրջափակումն անհապաղ դադարեցնելու հրամայականը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների: Այս համատեքստում ընդգծվել է նաև Արդարադատության միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման իրականացումը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության խորացումն ու համատեղ ջանքերի ներդրումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում` ներառյալ էներգետիկա, տրանսպորտ և ենթակառուցվածքներ։

Անդրադարձ է արվել երկկողմ ձևաչափով, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցերի: Ընդգծվել է Հայաստանի և Իրանի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը:

Դիտումների քանակը: 3752
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին