ՀՀ-ում ԵՄ գրասենյակը և ԱՄՆ դեսպանատունն անդրադարձել են Սումգայիթյան ջարդերին

Սումգայիթ

Սումգայիթյան ջարդերի տարելիցի կապակցությամբ Հայաստանում ԵՄ գրասենյակը և ԱՄՆ դեսպանատունը ցավակցական ուղերձ են հղել։ Այդ մասին հաղորդագրություններ են տարածվել վերջիններիս պաշտոնական ֆեյսբուքյան էջերից։

Անցյալի արարքների ընդունումը կարևոր քայլ է հաշտության և խաղաղության ճանապարհին: Սումգայիթյան ջարդերի 35-ամյակի կապակցությամբ ցավակցական ուղերձում նշել են Հայաստանում ԵՄ գրասենյակից։

«Խորը վշտակցություն ենք հայտնում բոլորին, ովքեր Սումգայիթում 35 տարի առաջ կորցրել են հարազատ և բարեկամ»,– նշված է ուղերձում։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն էլ իր հերթին ուղերձ է հղել` նշելով, որ միանում են հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ. Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին։

35 տարի առաջ (1988թ.) փետրվարի 26-29–ը Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ:

Հայ ազգի դեմ իրականացրած այս հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը, հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով՝ կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը։

Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը հասնում է հազարի, որոնց աճյունները մինչև օրս էլ հայտնաբերվում են Սումգայիթի արվարձաններում նոր շինարարություն կատարելիս։

Չնայած միջազգային հանրությունը դեռևս Սումգայիթի ոճրագործությունը չի ճանաչել որպես ցեղասպանություն, բայց այն դատապարտել են Եվրոխորհրդարանը (1988թ.), ԱՄՆ Սենատը (1989թ.) և Արգենտինայի խորհրդարանը։

Դիտումների քանակը: 3868
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին