Փաշինյանն ու Բլինկենը քննարկել են ԼՂ-Ադրբեջան քննարկումների մեխանիզմ ստեղծելու հարցը

Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների համար միջազգային մեխանիզմի ստեղծման հարցը քննարկել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Այդ մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից` հավելելով, որ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բլինկենի հետ:

Նշվում է, որ կողմերն ընդգծել են ադրբեջանական զինված ուժերի` ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը:

«Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների պաշտպանությանը, Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների համար միջազգային մեխանիզմի ստեղծմանը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովմանը վերաբերող հարցերի: Փաշինյանն իր տպավորություններն է կիսել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման վերաբերյալ»,–ասված է հաղորդագրության մեջ։

Զրուցակիցներն անդրադարձել են հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Եվրոպայի խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի քառակողմ հանդիպման արդյունքներին:

Բլինկենը հայտնել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ առաջիկայում ևս նպաստելու բանակցային գործընթացին: Փաշինյանն էլ իր հերթին բարձր է գնահատել սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ԶՈւ–ի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքների վերացմանը միտված` ամերիկյան կողմի ջանքերը և կարևորել այդ ուղղությամբ հետևողական քայլերը:

Դիտումների քանակը: 3907
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին