Միրզոյանը Բերձորի խնդիրը ներկայացրել է Բունդեսթագում

Գերմանիա

Հայկական կողմը բարձր է գնահատում Բունդեսթագի անդամների հստակ ուղերձները, այդ թվում՝ Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] վերաբացման և ազատ տեղաշարժի վերականգնման հարցում: Այդ մասին հայտարարել է աշխատանքային այցով ԳՖՀ մայրաքաղաք Բեռլինում գտնվող, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների, պաշտպանության, մարդու իրավունքների և հումանիտար օժանդակության, ինչպես նաև ԵՄ հարցերով մշտական հանձնաժողովների ավագ պատգամավորների հետ հանդիպմանը մասնակցել են նաև Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի անդամներ։

Քննարկվել է Հարավային Կովկասում անվտանգությունն ու կայունությունը խաթարող մարտահրավերները։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները:

Միրզոյանը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը, առավելապաշտական նկրտումները և ագրեսիվ գործողությունները խաթարում են Հարավային Կովկասում կայունություն և խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերը:

ԱԳ նախարարը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև տարբեր ոլորտներում հաստատված արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտության դերը՝ նշելով, որ հայ-գերմանական միջխորհրդարանական ակտիվ կապերը նպաստում են թե՛ երկկողմ օրակարգի ընդլայնմանը, թե՛ տարածաշրջանային կարևոր հարցերի բարձրաձայնմանը:

Կողմերը անդրադարձ են կատարել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցերի։

Դիտումների քանակը: 3976
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին