Մոսկվայում չի ստորագրվելու տարածքների վերաբերյալ փաստաթուղթ

Մոսկվայում Ղարաբաղի հարցի կամ տարածքային որևէ հարցի լուծմանը վերաբերող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում, հայտարարում է Հայաստանի վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը միաժամանակ ընդգծելով, որ եթե հանդիպման ընթացքում օրակարգային հարցերի, այսինքն՝ տնտեսական թեմաների, գերիների փոխանակման, անհետ կորածների հարցի շուրջ հնարավոր լինի հասնել համաձայնությունների, հնարավոր է հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության ստորագրում:

Մանե Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը՝ այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստան, Իրան, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական հատվածներից դեպի Սյունիքի մարզ:

«Ադրբեջանական կողմը և հայկական որոշ շրջանակներ անընդհատ շրջանառում են այսպես կոչված «Մեղրիի միջանցքի» թեման, սակայն ինչպես բազմիցս նշվել է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա ոչ Մեղրի, ոչ էլ Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին որեւէ դրույթ:

Հայկական կողմի համար, սակայն, անկյունաքարային և սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: Առանց այս հարցերի լուծման կամ էական առաջընթացի չափազանց դժվար կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը, և հայկական կողմը այս խնդրի քննարկումը համարում է մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը», — շեշտել է Գևորգյանը:

Հակադարձ այդ գրառման Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի կունենան Ռուսաստանի Դաշնության նախագահ, Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները:

«Նախատեսվում է քննարկել 2020թ. նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության իրականացման ընթացքը ու քննարկել տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ հետագա քայլերը: Հատուկ ուշադրություն կդարձվի ռազմական գործողությունների հետևանքով տուժած շրջանների բնակիչներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ու զարգացման հարցերին: Բացի այդ, նախատեսված են Վլադիմիր Պուտինի առանձնազրույցները Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասված էր հաղորդագրությունում։

Դիտումների քանակը: 4661
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին