Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին

Փաշ-Բայ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել  Ջո Բայդենին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո պարոն Բայդեն,

Ընդունեք, խնդրեմ, մեր սրտանց շնորհավորանքները Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Համոզված եմ, որ երկարամյա քաղաքական ու օրենսդիր գործունեության ընթացքում ձեռք բերած հարուստ փորձառությունը և գիտելիքները կուղեկցեն Ձեզ` բարօրության և առաջընթացի ճանապարհով Միացյալ Նահանգներն ու նրա ժողովրդին առաջնորդելու Ձեր գործունեության մեջ:

Ձեր գործունեության ընթացքում դուք մեծ ներդրում եք կատարել հայ-ամերիկյան բարեկամության և փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործում: Հայ ժողովուրդը բարձր է գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչման և իր իրավունքների պաշտպանության հարցում Ձեր կողմից ցուցաբերած սկզբունքային դիրքորոշումը:

Հավատացած եմ, որ Ձեր նախագահության ընթացքում հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները, որոնք խարսխված են ընդանուր ժողովրդավարական արժեքների վրա, կշարունակեն վերելք ապրել՝ մեր պետությունների միջև առկա ռազմավարական երկխոսության մակարդակին համահունչ:

Անշուշտ այդ գործընթացում իր անգնահատելի ներդրումն ունի նաև ամերիկահայությունը, որը կապող կամուրջ է հանդիսանում մեր երկրների միջև։

Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Ինչպես տեղյակ եք, ավելի քան մեկ ամիս է ինչ Ադրբեջանն ու Թուրքիան, արհամարհելով համանախագահողների՝ հրադադար հաստատելու բոլոր ջանքերը, շարունակում են համատեղ ագրեսիան Հայաստանի և Արցախի հանդեպ` ներգրավելով օտարերկրյա ահաբեկիչների:

Այդ կապակցությամբ ողջունում եմ խնդրի հանգուցալուծումը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու Ձեր տեսլականը, որն արտահայտել եք որպես նախագահի թեկնածու:

Լիահույս եմ, որ Ձեր վարչակազմը գործուն քայլեր կձեռնարկի պատերազմի դադարեցման և խնդրի համապարփակ կարգավորման ուղղությամբ, որի հիմքում պետք է ընկած լինեն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը նրա ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով:

Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ՝ ԱՄՆ նախագահի պաշտոնոմ ընտրվելու առթիվ և ցանկանալ քաջառողջություն, հաջողություն և արգասաբեր գործունեություն»:

Դիտումների քանակը: 3623
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին