Գեղամ Ստեփանյանը ընդգծում է, որ այսօրվա միջադեպը պետք է դիտարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակի համատեքստում։
ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ԱՀ քննչական կոմիտեում հանդիպել է խաղաղապահ զորակազմից Արցախի իրավապահներին հանձնված ԱՀ քաղաքացուն։
Իր ֆեյսբուքյան էջից պաշտպանը հայտնում է, որ ծանոթացել է դեպքի հանգամանքներին։ Նա նաև հայտնում է, որ Նորիկ Միրզոյանը կապ է հաստատել հարազատների հետ։
«Արձանագրված միջադեպի հանգամանքներն ուսումնասիրելու գործողություններն իրականացվելու են Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից՝ ապահովելով քաղաքացու բոլոր իրավունքներն ու օրինական շահերը։ ՄԻՊ գրասենյակն իր իրավասությունների շրջանակներում իրականացնելու է բոլոր անհրաժեշտ գործողությունները։
Այսօրվա միջադեպը պետք է դիտարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակի՝ հրադադարի հաստատումից ի վեր մեկ տարվա ընթացքում Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական կողմի հանցանքերն անպատիժ թողնելու, Արցախի ժողովրդի իրավունքների պարբերաբար ու նպատակային խախտումների և ժողովրդին հոգեբանական ահաբեկման ենթարկելու ամբողջական համատեքստում»,– նշում է պաշտպանը։
Թողնել պատասխան