Փաշինյանի շահերից բխող միակ ելքն արտերկրում ապաստանումն է․ Լևոն Տեր-Պետրոսյան

Լևոն Տեր-Պետրոսյան

Վարչապետն ու նրա հենարանը հանդիսացող քաղաքական ուժը, կրած խայտառակ պարտության համար պատասխանատվությունից խուսափելուց բացի, առաջնորդվում են ոչ թե պետության ամրապնդման և հզորացման մտահոգությամբ, այլ բացառապես իրենց իշխանությունն ամեն գնով պահպանելու անթաքույց մոլուցքով։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը՝ տարածելով Տեր-Պետրոսյանի արձագանքը Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությանը։

Համաձայն աղբյուրի Տեր-Պետրոսյանը նշել է, որ այդ պարագայում վարչապետի պարտականությունները պետք է դրվեն անկուսակցական փոխվարչապետի վրա, որն իր չեզոքության հանգամանքով ունակ է ապահովելու արդար ընտրությունների անցկացումը:

Հայ ազգային կոնգրեսի ղեկավարը մասնավորապես գրել է․ «Վազգեն Մանուկյանն այսօր ներկայացրել է ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման երեք տարբերակ՝ ա. ռազմական հեղաշրջումը, բ. Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած համաժողովրդական ճնշման շնորհիվ վարչապետի պաշտոնանկությանը հասնելու ճանապարհը և գ. գործող վարչապետի կողմից արտահերթ ընտրության անցկացման անթույատրելիությունը:

Նա հաշվի չի առնում, սակայն, հետևյալ հանգամանքները. առաջին տարբերակը բացարձակապես հակասահմանադրական է, ինչը գիտակցելով՝ բանակը, հակառակ իր վրա ընդդիմության գործադրած ճնշումներին՝ մերժեց ամենայն վճռականությամբ»:

Ինչ վերաբերում է Հայրենիքի փրկության շարժմանը, ըստ Տեր-Պետրոսյանի, այն այլևս ժամանակավրեպ է, «քանի որ ավելի քան քառամսյա հրապարակային միջոցառումներն ու ներքին սուր տարաձայնությունները ցույց տվեցին, որ այն բացարձակապես չի վայելում լայն զանգվածների աջակցությունը և լիովին սպառված է»:

«Երրորդ տարբերակի հարցում ես լիովին համամիտ եմ Մանուկյանի հետ: Ինչու՞. որովհետև վարչապետն ու նրա հենարանը հանդիսացող քաղաքական ուժը, կրած խայտառակ պարտության համար պատասխանատվությունից խուսափելուց բացի, առաջնորդվում են ոչ թե պետության ամրապնդման և հզորացման մտահոգությամբ, այլ բացառապես իրենց իշխանությունն ամեն գնով պահպանելու անթաքույց մոլուցքով: Համաձայն եմ նաև հանրության մեջ հնչեցվող այն պնդումներին, որ իշխող ուժի կողմից կազմակերպված արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում, նրանք չեն խորշելու վարչական ռեսուրսների համատարած օգտագործումից, ինչի հետևանքով բոլոր ընտրատեղամասերը կարող են վերածվել լարվածության օջախների: Համոզված եմ, որ այդ պարագայում մենք ականատես ենք լինելու Հայաստանի պատմության ամենախայտառակ ընտրություններին: Իսկ դա կարող է նշանակել Հայոց պետականության վերջը կամ երկարատև մղձավանջային գոյատևումը»։

Վերջում Տեր-Պետրոսյանն իր խոսքը ամփոփել է նրանով, որ և՛ պետության, և՛ ժողովրդի, և՛ անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքը վերջինիս անհապաղ և ինքնակամ հրաժարականն է և Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում: Նրա կարծիքով վարչապետի պարտականությունները պետք է դրվեն անկուսակցական փոխվարչապետի վրա, որն իր չեզոքության հանգամանքով ունակ է ապահովելու արդար ընտրությունների անցկացումը: 

Դիտումների քանակը: 3804
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին